вторник, 19 января 2016 г.

Միսաք Մեծարենց (1886 - 1908)


Միսաք Մեծարենցի ստեղծագործություններին շատ ծանոթ չեմ: Բայց գիտեմ, որ Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

Մեծարենց կարդալիս զգում եմ թախիծ, սպասում, կարոտ, սիրուն հասնելու ձգտում: Կարդալիս միշտ մտածում եմ, թե ինչպես է գրողը իր սրտի ուզածը գրելու հետ մեկտեղ ընթերցողին հասցնում այնտեղ, որ զգա հեղինակի ասելիքը ու վերցնի: Կարծում եմ, որ ամեն մարդ իր տեսակով է ընկալում, ու գրողը չի կարող գրել ստեղծագործություն, որ բոլորը նույն ձևով հասկանան: Մեծարենցից ներկայացնեմ իմ հավանած բանաստեղծություններից երկուսը «Նավակներ» և «Թրթռումներ»:

«Նավակներ»
Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.
ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…։

«Նավակներ» բանաստեղծությունը սպասումով լցված մարդու մասին է, ով,  իմանալով, որ հույս չկա, հույսը չի կորցրել, կարծես հույսով երազում է: Տխրությամբ է արթնանում ու քնում:  Մի գուցե նավակները կյանքից հեռացած մարդիկ են, կամ մարդիկ, ովքեր հեղինակին են լքել: Բոլոր մարդիկ էլ ունեն իրենց գնացած- չվերադարձած նավակները:

«Թրթռումներ»
Լոյսի բիծեր ծիրանի
Կ'ասղնտեն քօղքը մութին.
Լուսնի ցոլքեր կ'անհետին
Խորքը ծովուն հոլանի։

Հըմայքներով փողփողուն,
Հեշտութիւն մը կապոյտի,
Հանդարտօրէն կը Ժպտի
Հոգւոյս մըռայլ տենչերուն։

Սիրոյ յուշեր լուսաւէտ,
Դողդոջուն ու ցնծագին,
Արագօրէն կը ծագին
Հըպարտ կ'անցնիմ երբ քովէդ։

Ըզգացում մը բիւրեղէ,
Ծիածանի երանգով,
Ցավոտ հոգւոյս մութին քով
Լոյս ակօսներ կը պեղէ։

Բանսատեղծության մեջ հեղինակը հասկանում է, որ մեռնում է, հույս չկա, բայց չի ընդունում մահը, իր կորուստը ու շարունակում է լույս փնտրել:  Մենք էլ ենք էդպիսին նույնիսկ ամենաանհույս պահերին ինչ որ բան ենք գտնում ու կախվում դրանից ...իսկ հույսը ամոթով չի թողնում, եթե  ընտրել ես հաղթել թեկուզ կորստի գնով:

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին: 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։  1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերեն, անգլերեն, թուրքերեն։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու առիթը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1902 թվականին գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։

Комментариев нет:

Отправить комментарий