пятница, 24 июля 2015 г.

ԱԼԻՌԵԶԱ ՌՈՇԱՆ | բանաստեղծություններ

ԵԹԵ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ                             

Ես հաշմանդամ եմ -
շուրթերդ ինձնից խլել են:



***
Ես տիղմ եմ -
ինձ տեսնելու համար
ծովի հատակը պիտի հասնես:



***
Չէ, սարագնաց չեմ –
դաշտս տեսնելու համար եմ
գագաթ բարձրանում:



***
Ստվերս,
որ հեռանում էր արևի գնալուն պես,
արդ
իմ հեռացումից է գնացել:

ԱՀՄԱԴ ՇԱՄԼՈՒ «Համընդհանուր սեր» 2 մեկնաբանություն


Արցունքն առեղծված է,
ժպիտն առեղծված է,
Սերն առեղծված է…
Արցունքն այն գիշերվա
Սիրուս ժպիտն Էր։
Հեքիաթ չեմ, որ պատմես,
Մեղեղի չեմ, որ երգես,
Ձայն չեմ, որ լսես,
Կամ` այնպիսին, որ տեսնես,
Կամ` այնպիսին, որ իմանաս…
Ես, ցավ եմ համընդհանուր.
Կանչիր ինձ…

ՇԱՀԱԲ ՄՈՂԱՌԱԲԻՆ | բանաստեղծություններ

***                                                                                          

Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով -
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող...


***
Տունը դեռ կա,
բայց մարդիկ մեռել են:
Կամ
(երևի պիտի այսպես գրեի)
տունը քանդվել է,
թեպետ մարդիկ դեռ կան:
Չէ,
(այսպես էլ չեղավ)
տունը դեռ կանգուն է,
մարդիկ՝ ողջ,
բայց ինչ-որ բան
բացակա է ասես
(չգիտեմ)։

среда, 22 июля 2015 г.

Էմիլ Զոլա /Թերեզ Ռաքեն




***

Ոչինչ չի կարող կիրքն անպարկեշտ դարձնել:

***
Անկեղծ ուսումնասիրությունը մաքրազերծում է  ամեն բան,ինչպես կրակը:

***
Այն մարդիկ ,որոնք միայն շունչ ունեն ,երբեք չեն մահանում:

***

-Մարդիկ երբեմն մահանում են,-շշնջաց նա վերջապես,-միայն թե դա  վտանգավոր է վերապրողների համար :

пятница, 17 июля 2015 г.

Մոհամեդ Ռեզա Աբդոլմալեքյան/Այսքան անձրևելով հանդերձ

Այսքան անձրևելով հանդերձ
դեռ ոչինչ չի պատահել
ու այն կորած բույսը դեռ
ետևիցս չի եկել:

Այսքան անձրևելով հանդերձ
հուշերի ու երազների դաշտը դեռ
ծիածանի ոչ մի երանգ չի տեսել
ու տարիների կավե առաստաղից
այս կաթկթող ճրագից դեռ
ինձ լույս չի հասել:

среда, 15 июля 2015 г.

Լեոնիդ Ենգիբարյան «Նրան,ով առաջինն իմացավ,թե ինչ է անձրևը»

Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:

Հենց սկսեք օգտագործել ձեր մենակ լինելը, այս 10 բաները կլինեն



Շատ մարդիկ հակված են նկատելու, որ «մենակ լինելը» ձանձրալի է: Նրանք կարծում են, թե դա նշանակում է, որ հասարակությանը դեմ են կամ անցանկալի են դառնում վերջինիս համար: Իրականում մենակ լինելը միանշանակ վատ չէ: Հենց որ ընդունում եք մենակությունը, առատորեն շահում եք։ Չեմ ասում` պիտի անտառներ գնաք և հասարակությունից հեռանաք: Ոչ ոք չի թերագնահատում հարաբերություններից առաջացող օգուտներն ու զվարճանքը: Ասածս այն է, որ երբ սովորեք մենակ վայելել ձեր ժամանակը, կսկսեք մարդավարի ապրել:
Ահա այն տասը բաները, որոնք տեղի կունենան, հենց որ սկսեք ընդունել մենակությունը:

   

вторник, 14 июля 2015 г.

ՄՈՀԱՄՄԵԴ ՌԵԶԱ ԱԲԴՈԼՄԱԼԵՔՅԱՆ | ՀԻՄԱ ԵՐԲ ԵԿԵԼ ԵՍ

1.Հիմա երբ եկել ես
Ինչո՞ւ է այս գնացքը կանգնած
Ինչո՞ւ այս գնացքը չի վերադառնում

2.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ լալիս
Հիմա երբ եկել ես
Բաց արա պայուսակդ և
Ինձ մի թաշկինակ տուր
3.
Հիմա երբ եկել ես
Ոչ պոետ եմ ոչ էլ սիրահար
Միայն պատուհանը փակիր որպեսզի
Սիրտս չնեղվի
4.
Հիմա երբ եկել ես
Բարև
Հիմա երբ այլևս չես հեռանալու
Հաջողություն
Բոլոր այն հեռավոր ճանապարհների սլաքավարներին
5.
Հիմա երբ եկել ես
Վախենում եմ այս ճամպրուկից
Վերցնում եմ այս ճամպրուկը
Այս ճամպրուկը
Եվ նետում եմ հեռավոր ծովերի խորքը
6.
Հիմա երբ եկել ես
Խղճում եմ այս լուսնին ու աստղերին
Այսօր ինչպես են քուն մտնելու
Այսքան արթուն
7.
Հիմա երբ եկել ես
Մի սովորեցրու այն սլաքավարներին
Ասա որ այլևս ճամփորդելու միտք չունես
Ասա որ այլևս չես վերադառնալու
8.
Հիմա երբ եկել ես
Ինչո՞ւ այս բոլոր աղավնիներն ու ճնճղուկները
Իրենց բները չեն վերդառնում
Դու ոչ մի տեղ էլ չէիր գնացել
9.
Հիմա երբ եկել ես
Ամբողջ տանը ուզառուկի[1] բույր է տարածվել
Սակայն մորս ծիծաղի ձայնն
Այլևս չեմ լսում
10.
Հիմա երբ եկել ես
Բոլոր ծաղկամաններն ուրախ են
Դարձյալ այս դեղին ցնցուղն
Ամեն առավոտ ժամը յոթին
Նրանց այցի կգա
11.
Հիմա երբ եկել ես
Լաց մի լինիր
Այլևս վարժություն չես գրելու
Հիմա բոլոր մատիտներդ գունավոր են
12.
Հիմա, երբ եկել ես
Նստիր հենց այստեղ
Եվ միայն Աստծուց հարցրու
Թե որքան լավ է, երբ միասին ենք
13.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ լալիս
Այս անձրևն
Ուրիշ ամպից է տեղում

понедельник, 6 июля 2015 г.

Թե ինչպես մի քանի անգամ պարտվեցի Պոլ Վիալարին


Դեռ դասերը չէին ավարտվել, երբ սկսեցի մեր գրադարանում լավ վերնագիր գտնելու  փնտրտուքներս: Ու գտա՝  Պոլ Վիալար   «Մեռնելու ժամանակ էլ չկա »:
Ուրախ չէի, դրա համար  վերցրի: Հիմա, էս շրջանում ուզում եմ իմ տխրություններն ու դրանց պատճառները չփաթաթել որևէ մեկի վզին, այսինքն՝ պինդ լինել, մեծանալ, բայց հենց նոր խախտեցի որոշումս: Բացառություններ լինում են միշտ, համենայնդեպս ինձ համար: Ասեմ, որ գրքի բովանդակության մասին չեմ խոսելու, որովհետև հասկացել եմ՝ հետաքրքիր չի գիրք կարդալը (նույնն էլ ֆիլմերի հարցում), երբ բովանդակությանը քիչ թե շատ ծանոթ ես։
Գիրքս վերջերս եմ ավարտել: Հա, իմ գիրքը դարձավ: Բաներ հայտնաբերեցի: Հասկացա…
Մոտ քառասուն էջ էի կարդացել, երբ որոշեցի՝ չեմ շարունակելու, որովհետև այլ պատկերացում ունեի, կարծում էի, թե գործողությունները այլ հունով կգնան, վերնագրին համապատասխան, բայց հետո հասկացա, որ պետք չի իմ չափ պրիմիտիվ լինել, որ ես, իմ սպասելիքը չգտնելով, գիրքը անհետաքրքիր եմ համարում: