понедельник, 25 января 2016 г.

Ալբեր Կամյու «Օտարը»



Ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա Ալբեր Կամյուն 20-րդ դարի մեծագույն դեմքերից է:Կամյուն էկզիստենցիալիստական ուղղության մտածող է: Նրա մտահայեցողության մեկնակետը 20-րդ դարի քրիստոնեության անկումով պայմանավորված «աստծու մահվան» ողբերգական ապրումն էր: Ըստ նրա, անխուսափելիորեն մահվամբ ավարտվող մարդկային գոյության փաստը մարդկային անհատին հանգեցնում է «անմտության» (երկրի վրա իր «վիճակի») հայտնագործման:

Կամյուն ինձ համար բացահայտում էր: Կամյու կարդալուց հետո հասկացա, որ պիտի կարդամ գրքեր, որոնցից նոր բան կարող եմ վերցնել, բայց դրանց հասնելու համար պիտի նաև կարդամ գրքեր, որոնք ինձ ոչինչ չեն տալիս:
Կամյու երբեք չէի կարդացել ու չգիտեի, որ գրքից այսքան բան կարող ես սովորել, մինչև վերցրի ձեռքս «Օտարը»  ու սկսեցի կարդալ: Կարդացել եմ երեք կամ ավելի անգամներ և ամեն անգամ տարբեր ուղղություններով եմ նայել Կամյուի ասելիքին: Կամյուն էքզիստենցիալիստ է: Էքզիստենցիալիզմի կենտրոնական խնդիրները մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին են, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Հասարակությունը մեր կյանքում մեծ նշանակություն ունի, քանի որ ամեն մեկս կազմում ենք հասարակության մի մասնիկը: Կամյուն «Օտարը» վիպակում ներկայացնում է մի մարդու, ով դուրս է հասարակությունից, բայց իրեն դատում են հասարակության նորմերով: Մարդու քառակուսի բնավորությունը չի կարողանում ընդունել իրենից տարբերվող մեկին, մեկին, ով դուրս է հասարակության ամեն սահմանափակումից ու ապրում է առանց մյուսներին անհանգստություն պատճառելու: Ի վերջո բոլոր «նույները» անհանգստանում են տարբերվող մարդու պատճառով ու դատապարտում իրենց չափանիշներով: Կամյուն ասում է. «Կյանքը չարժի, որ նրա համար տանջվես» : «Օտարը» չի կորցնում իր ուրախությունն իրեն դատապարտողների մեջ, ուղղակի դառնում է ավելի անտարբեր ու հասկանում է, որ երջանկությունը ընտրության ազատության մեջ է: «Եվ որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի, որպեսզի նվազ միայնակ զգամ, մնում է միայն ցանկանալ, որ մահապատժիս օրը շատ հանդիսականներ լինեն, և որ բոլորն ինձ դիմավորեն ատելության ճիչերով»: Մարդ-հասարակություն հարաբերությունը ինձ համար հետաքրքիր թեմա է, որի մասին կարող ենք անվերջ, անդադար խոսել: Այդ է պատճառը, որ հավանեցի վիպակը: Սովորեցի, որ պիտի լինեմ, այն ինչ կամ( «Վերջապես հասկացա, որ պետք չէ բռնանալ ինքդ քեզ վրա» :), առաջնային տեղ չտամ հասարակությանը իմ կյանքում (չնայած՝ ես էլ եմ դրա մասնիկը)... կախված չլինեմ կարծիքներից, քննադատություններից ու ոչ թե տխրեմ, այլ ուրախ լինեմ, որ խոսում են իմ մասին, բայց դա չհասցնելով մեծամտության աստիճանի... Կամյուից դեռ շատ բան կսովորեմ ու իրադարձությունները միջոց կդառնան գիտելիքս գործի դնելու համար:

Օտար լինելը չպիտի վախեցնի մարդուն, դա պնդանալու լավագույն մարդկային «ցավազրկողներից» մեկն է, որը տալիս է նոր որակներ։

Комментариев нет:

Отправить комментарий