воскресенье, 11 октября 2015 г.

ՍԱՌԵ ԴԱՍԹԱՌԱՆ

***
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ...



***
Քնելուց առաջ
շուռ եմ գալիս,
չի խոսում.
իրար ենք նայում
ես
ու դիմացի պատը...






ԸՆԿԱԾ ԳԱԶԱՐ
Արևն էլ
ոչ միշտ է բարեգութ.
տե՛ս
թե ինչ դաժանորեն է խլում
ձնեմարդուն մեզնից:



ԴԺՎԱՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սկիզբ չի վերադառնում՝
ֆիլմ չէ,
ֆոտոշոփով չի շտկվում՝
նկար չէ,
կյանքը կյանք է
և այնպես է քեզ իրենով անում,
որ ոչ մի ֆիլմ ու նկար չեն փրկի:



ՆԱՄԱԿ
Այնքա՜ն եմ ուզում նամակ գրել...
Նամականիշ կա, ծրար էլ
ու մի աշխարհ խոսք.
երանի ինչ-որ տեղ
մեկի աչքը ճամփին լիներ:



ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Տեղափոխության ընթացքում
միշտ մի բան կոտրվում է՝
երբեմն շրխկալով
(բեկորները հնարավոր է հավաքել),
երբեմն լուռ
(առանց բեկորների)...

***


Մրգերն էլ են շատ հասնելուց փչանում...
Կրկին հասել եմ,
իսկ դու էլի ուշանում ես...



ԱՆԾՈՎ ՔԱՂԱՔ
Ամեն օր
խորտակվում եմ
այս անծով քաղաքում,
իսկ գիշերը
ինձ վեր եմ քաշում,
ընկնում մահճակալին՝
ձեռքերումս ոստրեներ
ու մարմնիս
ցանցի կտորներ կպած...



***
Անձրև է։
Շվարել եմ.
հոգյակի՞ս մասին մտածեմ,
թե՞ ճաքած կտուրի:



ՔԱՐԵՐՆ ՈՒ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ
Քո սերը
թռչուն էր,
որ պատի քարերից մեկի տեղում
բնավորվեց:
Պատ է
քո սերը,
ամեն քարը՝
թռչուն:



***
Ձեռքից գնաց
մի տանիքի տակ մնալու առիթը.
մե՛կ անձրևանոցը չբացվեց,
մե՛կ անձրևը կտրվեց:

Комментариев нет:

Отправить комментарий