воскресенье, 11 октября 2015 г.

ՌԱՍՈՒԼ ՅՈՒՆԱՆ


ԴՈՒ ԻՄ...
Դու իմ մեջ ես
ինչպես լուսնի ցոլքը լճակի,
իմ մեջ ես
ու անհասանելի,
իմ բաժինը քեզնից
այս մի քանի սիրային գործերն են
և ուրիշ ոչինչ:
Հարուստ աղքատ եմ
ինչպես վաշխառուն անփող,
ես պարզապես հայելիդ եմ:




ԽՈՍՏԱՑԻՐ...
Խոստացիր, որ կգաս
բայց երբեք մի արի:
Եթե գաս
ամեն ինչ կփչանա
էլ չեմ կարող
այսպես խանդավառ
հայացքս ուղղել
ծովին ու ճամփին,
ես ընտելացել եմ
այս սպասումին
այս թափառումներին
նավահանգստում ու կայարանում.
եթե գաս,
ո՞ւմ գալուն սպասեմ...



ՍՈՒՏ
Երջանկությունից ներշնչվում եմ
ես գեղեցիկ օրերի պոետն եմ
աղջիկների համար օժիտից եմ խոսում
բանտարկյալների համար՝ համաներումից
ու երեխաների համար,
ում հայրերը դաշտում են մարտի
ավետում եմ, որ...
բայց գործս գործ չէ
սուտ ասելը բարդ է:


ՀՅՈՒՐ
Մի ակնոց
մի ճամպրուկ
կարմիր գլխաշոր
սենյակումս
մի աղջիկ է եկել
բայց իրեն չի բերել:


ԱՐԵՎ
Երբ աշխարհը վերջանա
երազները
ուրիշ աշխարհ կստեղծեն
ու ծիծաղը քո
կփոխարինի արևին...


ԾՈՎԸ
Ծովը բարձրացավ այնքան,
որ տեղավորվեց պատուհանի շրջանակում
չգիտեմ
գուցե պատուհանը իջավ,
որ ցույց տա ինձ ծովը.
նման բաներ կպատահեն
միայն երբ կաս...
Հիմա, երբ չկաս
արդարացված է,
որ թռչունները չերգեն
ու արևը
անմիտ, մոլորված
ծաղրածուի պես թափառի փողոցում...


ԽՈՐՔԵՐՈՒՄ
Խորքերում ապրելն ապահով է
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում
բայց ոչ արևածագն են տեսնում
ոչ էլ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, խորքերում ապրելը տխուր է:


ԾՈՎ
Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին:
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ...
Այս ծովը պիտի լցվի
 ու ես խաղաղվեմ...
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:


ՋՈՒՐ ԼՑՐՈՒ, ՏՂԱ՛Ս
Ձեռնոցներս մթնել են:
Որտեղի՞ց են բերում
այս դիակները,
ո՞ր գիշերից:
Ջուր լցրու, տղա՛ս,
էլի լցրու.
ուզում եմ լվանալ սևը երկրի մարմնից:


ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Մահը դուռը չի թակում
բանալիով չի բացում
դուռ թակող մահը մահ չէ
հաստատ հարկայինի աշխատող է
փոստատար կամ հյուր
աղավաղված դեմքով
ու մեռելների հազը կոկորդում

Комментариев нет:

Отправить комментарий