вторник, 20 октября 2015 г.

ՖՈՌՈՒՂ ՖԱՌՈԽԶԱԴ «Լարովի տիկնիկ»


Ավելին, ա՜հ, այո,
ավելին կարող ես լռել:

Կարող ես ժամերով
մեռյալի հայացքով, անշարժ,
աչքերդ հառած ծխախոտի ծխին,
աչքերդ հառած բաժակի ձևին,
դալուկ ծաղկին, գորգի վրա,
անհայտ գծին, պատի վրա,
կարող ես չոր ճանկերով
քաշել վարագույրն ու տեսնել
հորդ անձրևը փողոցում,
փոքրիկը գունավոր օդապարուկով
կամարի տակ կանգնած,
սայլը հնամաշ
ոնց է աղմուկով լքում հրապարակը:


Կարող ես մնալ տեղում
վարագույրի մոտ,
բայց կույր,
բայց խուլ...

Կարող ես գոռալ
խիստ շինծու,
խիստ օտար ձայնով-
«սիրում եմ»
կարող ես տղամարդու կուռ բազուկներում
սիրուն ու առողջ էգ լինել:

Կաշվե սփռոցի նման մարմնով,
երկու խոշոր պինդ ծծերով,
կարող ես մի հարբածի,
մի խելագարի,
մի թափառականի անկողնում
պղծել սիրո անմեղությունը:

Կարող ես խելացի հեգնել
ամեն անակնկալ հանելուկ,
կարող ես միայն խաչբառ լուծել,
կարող ես անմիտ պատասխաններից ուրախանալ.
այո, հինգ-վեց տառանոց անմիտ պատասխան

Կարող ես մի կյանք ծնկաչոք ապրել
գլխիկոր, սառը խորանի առաջ,
կարող ես անհայտ գերեզմանում
աստծուն գտնել,
կարող ես մի քանի գրոշով հավատացյալ դառնալ,
կարող ես մզկիթներում փտել,
կարող ես 0-ի պես նույնը մնալ
գումարելիս
հանելիս
բազմապատկելիս...

Կարող ես աչքդ համարել հին կոշիկի դալուկ կոճակ
իր զայրույթի բոժոժում,
կարող ես ջրի պես փոսում ցամաքել,
կարող ես պահի գեղեցկությունը
մի ծիծաղելի սև նկարի պես
ամոթով թաքցնել սունդուկի խորքում,
կարող ես օրվա դատարկ շրջանակում
դատապարտվածի, պարտվածի, կամ խաչվածի նկարը կախել,
կարող ես դիմակներով պատի ճաքը ծածկել,
կարող ես ավելի անմիտ նախշերով խառնել:

Կարող ես լարովի տիկնիկի պես
ապակե աչքերով նայել աշխարհին,
կարող ես թավշեպատ տուփի մեջ,
դարմանով լցված մարմնով,
տարիներ ննջել փայլ ու քողի մեջ
ու ամեն պիղծ ձեռքի հպումով գոռալ-
«ա՜հ, ի՜նչ երջանիկ եմ»…

Комментариев нет:

Отправить комментарий