вторник, 20 декабря 2016 г.

Պարույր Սևակ

 Պարույր Սևակը (բուն ազգանունը՝ Ղազարյան) ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի մարզի այժմ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի) գյուղում: Մանկությունից՝ տասնմեկ տարեկանից սկսած՝ տեղի դպրոցում սովորելիս էլ գրել է՝ իր իսկ բնութագրմամբ՝ «օրացուցային» բանաստեղծություններ (Հունվարի 1, Մարտի 8, Մայիսի 1, Նոյեմբերի 7 և այլն)՝ առանց նախապես որևէ իմաստ դնելու նրանց մեջ, անգամ դեռ 7-8-րդ դասարանների աշակերտ՝ ծրագրել էր ողջ հայոց պատմությունը «Երկիր Նաիրի» խորագրով շարադրել չափածո: Մայրը մտահոգված էր, որ իր՝ առողջության համար վտանգավորության չափ շատ կարդացող տղան դառնա գոնե «էն «Գիքորը» գրողի», այսինքն՝ Հովհ. Թումանյանի պես մարդ: Իսկ սա արդեն կողմնորոշում էր դեպի լուրջ գրականություն, և Պարույրը սկզբից էլ վստահ էր իր գրական ապագա հաջողությանը: Գյուղում չկային սովորելու նվազագույն պայմաններ. առաջին անգամ 10-րդ դասարանում էր հաջողվել հայթայթել բրեզենտե կոշիկ: «Ախար ես միջնակարգն ավարտեցի՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան: - Մորս հացի տախտակն էր իմ սեղանը, պառկում էի բերանքսիվար և հացի տախտակի վրա արտագրում կամ շարադրում» (Էդ. Մեհրաբյան, Պարույր Սևակ, «Պարբերական», Երևան, 1990, էջ 75), - հետագայում խոստովանում է բանաստեղծը: Բայց սրա դիմաց կար ընթերցանության չմարող ծարավ. ոտքով գյուղից գյուղ ընկած՝ գիրք էր փնտրում, կարդում էր անկանոն, ինչ պատահի:
    1930-ական թվականները խորհրդային վատագույն տարիներից էին, մանավանդ 37 թվականը, երբ պետական հատուկ ծրագրով երիտասարդ հասակում դաժանորեն ոչնչացվեցին Չարենցի ու Բակունցի նման հանճարները, գլխատվեց հայ մտավորականության ծաղիկը, և մահվան սպառնալիքով արգելվեց ազգային գաղափար ու ոգի պարունակող մեր ողջ գրականությունը: Վտանգը գիտակցող, բայց հանդուգն մարդիկ նահատակված ու արգելված գրողներին կարդում էին գաղտնի՝ խորհրդային ղեկավարների, սոցիալիզմի գաղափարախոսների գրքերի կազմերի մեջ Րաֆֆու և Պատկանյանի, Սիամանթոյի ու Վարուժանի, Չարենցի ու Բակունցի գրքերը թաքցրած: Այս պայմաններում էր բանաստեղծ դառնալու հեռանկարով խանդավառ պատանի Պարույրը կարդացել արգելված Չարենցին: Հետո նա պիտի խոստովաներ. «Գյուղում գիտեի Եղիշե Չարենցի անունը: Սուրխաթյանի դասագրքից գիտեի, որ Չարենցը հայ գրականության ողնաշարն է՝ Խանջյանի խոսքով ասած: Իսկ Սուրխաթյանի խոսքերն էլ անգիր գիտեի. «Չարենցի հորիզոնը համաշխարհն է, մոտիվները՝ միջազգային»: Ուստի շատ ցավեցի, երբ իմացա, որ Չարենցի գրքերը հանելու են գրադարանից, և «Գիրք ճանապարհի»-ի մի օրինակ գողացա գրադարանից ու տուն տարա: Մինչև լույս կարդացի գիրքը, չհավատացի ո՛չ Խանջյանին, ո՛չ Սուրխաթյանին, որովհետև Չարենցը ըստ իմ ճաշակի բանաստեղծ չէր: Հետո հասկացա, որ Չարենցն այդ ժամանակ ինձ որպես բանաստեղծ սպանել էր՝ հետո հարություն տալու թաքուն մտադրությամբ»: 
    1940-45 թթ. Պարույրը սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում: Շատ բան է հասկանում այստեղ՝ հայտնվելով գրական ու գիտական միջավայրում. ուներ հմուտ ուսուցիչներ, Հրանտ Թամրազյանի, Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի նման դասընկերներ: Դասախոսություններին ու գրադարանային ընթերցումներին հաջորդում էին հաճախ մինչև լուսաբաց տևող գրական զրույցներն ու բանավեճերը:
    Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1942-ին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում: Խմբագիր Ռուբեն Զարյանը, տեսնելով տաղանդավոր երիտասարդի թարմ, ինքնատիպ ու հանդուգն մտածողությունը, նրան առաջարկում է Պարույր Սևակ գրական անունն այն բարի մտադրությամբ, որ գուցե Եղեռնի ժամանակ զոհված բանաստեղծներից մեկին, ասենք Ռուբեն Սևակին, նա փոխարինի:
    1945-ին գերազանցությամբ ավարտելով համալսարանը՝ Պ. Սևակն աշխատում է «Ավանգարդում», ապա և «Գրական թերթում»՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ, ընդունվում է ասպիրանտուրա՝ որոշելով լրջորեն զբաղվել հայոց հին և միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ: Սակայն շուտով ամպեր են կուտակվում նրա գլխին. կար բանտարկության լուրջ սպառնալիք, և սրտացավ մտերիմների խորհրդով նա 1951-ին տեղափոխվում է Մոսկվա, ընդունվում Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ, որն ավարտելուց հետո` մինչև 1959 թ., նույն հաստատությունում աշխատում է որպես դասախոս: Մտերմիկ զրույցների ժամանակ երբեմն իրավացիորեն պարծենում էր. «Մարդ այնքան ուժեղ պիտի լինի, որ ռուս գրողներին ու թարգմանիչներին իրենց մայրենի լեզվի՝ ռուսերենի նրբությունները սովորեցնի»:
    Դժվարին էր Պ. Սևակ բանաստեղծի ինքնահաստատման ուղին: Առաջին ժողովածուն՝ «Անմահները հրամայում են» խորագրով, լույս տեսավ 1948 թ.: 1953-ին հրատարակեց կոլխոզային կյանքը պատկերող մի պոեմ՝ «Անհաշտ մտերմություն» վերնագրով, հետո՝ «Սիրո ճանապարհը» (1954) խորագրով մի գիրք: Բայց երիտասարդ բանաստեղծը մինչև 1957 թ. լույս տեսած «Նորից քեզ հետ» ժողովածուն մնում էր գրեթե աննկատ, որովհետև այդ ժամանակներում մարդկանց հետ միասին բռնադատվում էր միտքը, ազգային գաղափարախոսությունը, կաղապարվում գեղարվեստը, ավելի ճիշտ` բռնադատվում էին հենց միտք ունեցող մարդիկ, մանավանդ նրանք, ովքեր չէին տեղավորվում խորհրդային քանոնով ու կարկինով գծված սահմաններում: Իսկ Պ. Սևակը նախապատրաստվում էր ստեղծագործական մեծ թռիչքների, սակայն ապրում էր մի տեսակ ներքին հարստացման ու կուտակումների շրջան ու դեռևս բացվելու, ընթերցողի հետ անկեղծ խոսելու և իր բանաստեղծական էությունն անկաշկանդ դրսևորելու հնարավորություն չէր ստացել: «Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ՝ դիմանալու: Դիամացա, բայց ի՞նչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց գզրոցում. իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի... Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև ... հարկադիր համակերպության վրա: 50-ական թթ. սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով... աշխատում էի ձայնս փոխել...(նույն տեղում, էջ 73, ընդգծ. մերն են - Ս. Մ.):
    Մեծ դահճապետի՝ Ստալինի մահից հետո մթնոլորտը փոքր-ինչ մեղմացավ. հանիրավի բռնադատվածներն ազատվեցին բանտերից ու աքսորից, անտեղի գնդակահարվածները հետմահու արդարացվեցին, մեր ժողովրդին վերադարձվեցին շուրջ 20 տարի արգելված ազգային գրական արժեքները: Եվ առաջիններից մեկը Պ. Սևակն էր, որ ազդարարեց իր գեղարվեստական մտածողության շրջադարձը և խոսեց արդեն առանց սեփական ձայնը փոխելու: Արդեն առնականացել էր բանաստեղծի ձայնը, կայացել նրա ինքնահաստատումը: Երիտասարդ, անգամ հասուն Պարույրի համար, սակայն, 1940-60-ական թթ. միակուսակցական վերին հրամայականով դեռևս կային գաղափարական պարտադրանքներ, գրեթե անհաղթահարելի դժվարություններ, որոնք բանաստեղծին հեռացնում էին այն ժողովրդից, ում համար ստեղծագործում էր ինքը: Պ. Սևակի իսկ բացատրությամբ՝ ինքն իր հետ և ժողովրդի հետ նորից անկեղծ խոսելու մղումով 1957 թ. ժողովածուն վերնագրեց «Նորից քեզ հետ»: Դրանից հետո գրեց «Մարդը ափի մեջ» շարքը, այնուհետև 1957-58 թթ. Մոսկվայում իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ գրելով «Անլռելի զանգակատուն» պոեմը: Դրանով նա հանդգնել էր իրականացնել պատմական մեծ առաքելություն:
    Նախ՝ ընթերցող հանրությանը նա ինքը ներկայացավ որպես կայացած, ինքնատիպ ու հասուն բանաստեղծ՝ իր ուրույն ձայնով ու ասելիքով:
    Երկրորդ՝ այդ պոեմն իր նախադեպը չուներ հենց ժանրի առումով և, որպես գեղարվեստական կառույց, շատ էր տարբեր ժանրի ավանդական ըմբռնումներից՝ գրական այդ տեսակի արտացոլման հնարավորություններն ընդլայնելու իմաստով:
    Երրորդ՝ այստեղ միավորվել էին գիտնականի ու գեղագետի լայն իմացություններն ու հնարավորությունները. հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դարձան այնպիսի հենք, որի վրա հյուսվեց մեծագույն հայերից մեկի՝ «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:
    Բայց դա մի թեկուզ խոշորագույն անհատի կենսագրություն չէր միայն, այլ հայության շուրջ հարյուրամյա պատմության գեղարվեստական տարեգրությունը, որը ցնցեց ժամանակի՝ Դ. Վարուժանի խոսքով ասած՝ «թմրած ողջերին» ու հարկադրեց այլ հայացքով նայել մոտիկ անցյալի ողբերգական իրադարձություններին:
    Ամենուր արտասանվող այդ պոեմն իր բոցավառ էջերով դարձավ ոչ միայն Կոմիտասի կյանքի լավագույն գեղարվեստական պատումը, այլև ունեցավ վիթխարի ճանաչողական նշանակություն՝ նոր սերնդի ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունն ու հայրենասիրական ոգին արթնացնելու իմաստով: Սրան պիտի հաջորդեր եղեռնի թեման գեղարվեստորեն մարմնավորող ավելի նպատակային գործ՝ «Եռաձայն պատարագ» պոեմը, որի տպագրությունը, նաև արգելումը տեսավ եղերաբախտ բանաստեղծը:
***

    Մոսկվայից Պ. Սևակը Հայաստան էր վերադարձել գիտելիքների վիթխարի պաշարով ու ստեղծագործական լուրջ ծրագրերով: Բանաստեղծի, գրականության պատմաբանի, տեսաբանի ու քննադատի կարողությունները իր մեջ համատեղող այդ հզոր անհատականությունը դարձավ նաև ժամանակի գրական կյանքի կազմակերպիչներից մեկը. Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր նա, Հայաստանի գրողների միության քարտուղարներից մեկը, ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Որպես գրաքննադատ՝ եռանդով մասնակցում էր 1960-ական թթ. գրական կյանքին՝ հանդես գալով հայ դասական ու արդի գրականության մասին բազմաթիվ ելույթներով, տեսական ու բանավիճային ծանրակշիռ հոդվածներով, որոնք այսօր էլ արդիական են: Եվ դրանց մեջ՝ մեր գրականության ապագայի մասին բացառիկ ուժով, խոր սրտացավությամբ ու ազնիվ կրքով գրված հոդվածներ՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի», «Դժվարը իրենից հասուն լինելն է», «Քննադատությունն այլևս հավելված չէ» խորագրերով: Գր. Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պետրոս Դուրյանի, Հովհ. Թումանյանի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Եղ. Չարենցի, Ս. Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և 60-ական թթ. երիտասարդ սերնդի ստեղծագործության բնութագրման ու արժևորման մեջ անուրանալի է Պ. Սևակի կողմնորոշիչ դերը: Ավելին. հենց այդ շրջանում էլ նա հանդես եկավ բանաստեղծական մտածողության բարեփոխման իր ծրագրով ու դարձավ գրական երիտասարդության ուսուցիչն ու առաջնորդը:
    Այս ամենին նա զուգակցում էր նաև գիտական-բանասիրական գործը. 1967-ին նա հրապարակային պաշտպանության ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշխատությունը՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու համար, սակայն մասնագիտական խորհուրդը, նկատի ունենալով այդ աշխատության բացառիկ արժեքը, նրան միանգամից շնորհեց բանասիրության դոկտորի գիտական աստիճան, մի բան, որ հազվադեպ երևույթ էր ողջ խորհրդային գիտական աշխարհում:
    Պ. Սևակը գնալով զորեղացավ, դարձավ ժամանակի հայ իրականության կարևորագույն դեմքերից մեկը և հայ գրական մտքի գերազանցությունը, բարձրագույն մի մտավորական, որն անհանդուրժող էր հնացածության, միջակության, կիսատ-պռատության, ստի ու կեղծիքի հանդեպ: Նրա նախորդներից մեկը՝ Հովհաննես Շիրազը, գրական հզոր ընդդիմություն էր, իր սեփական օրենքներով կառավարվող մի ուրույն ազգային պետություն՝ խորհրդային պետության մեջ: Պ. Սևակը, չնայած գրական դպրոցի, ստեղծագործական սկզբունքների և գեղարվեստական մտածողության ակնհայտ տարբերություններին, կանգնեց նրա կողքին որպես ե՛ւ գրական, ե՛ւ գիտական ընդդիմություն, որն առանձին՝ հայ մարդու, հզոր քաղաքացու իր հերոսական կռիվն էր մղում պետական կեղծիքի դեմ, և պետությունը վախենում էր ե՛ւ այս բանաստեղծներից յուրաքանչյուրից առանձին-առանձին, ե՛ւ մանավանդ նրանց միավորվելուց: Ահա թե ինչու խորհրդային պետական մեքենան նրանց հակադրում ու գժտեցնում էր տարբեր պատրվակներով ու եղանակներով, որովհետև նրանց համերաշխության մեջ իր համար գաղափարական պարտության մեծ վտանգ էր տեսնում: Բայց ի պատիվ Պ. Սևակի պետք է ասել, որ նա չդարձավ պետության կամակատարը, ընդհակառակը, դարձավ հայության և հայ գրականության շահերի իրավապաշտպանը: Երբ ամենուր, անգամ պետականորեն փորձում էին վարկաբեկել Հովհաննես Շիրազին, նա ազնվորեն հրապարակավ պաշտպանում էր իր մեծ նախորդին՝ հայտարարելով, թե «նրա՛ ողնաշարի վրա է բարձրացել հետչարենցյան շրջանի մեր ամբողջ գրականությունը, բայց պետությունը նրա 50-ամյակը նշեց ամոթալի լռությամբ այն դեպքում, երբ միջակություններին փառաբանեց հատորյակների հրատարակումով ու պետական բարձրագույն պարգևներով»: Նման դառնացնող ու զայրացնող, ատելի երևույթներ շատ կային խորհրդային իրականության բոլոր ոլորտներում:
    Բանաստեղծին, քաղաքացի գիտնականին զայրացնող երևույթներից մեկն էլ խորհրդային պատմագրության բացահայտ կեղծարարությունն էր և հայ ժողովրդի պատմության նենգափոխումն ու աղավաղումը հայրենի և օտար պատմաբանների կողմից: Հիմա նոր-նոր խոստովանում են, թե խորհրդային ժամանակներում գրված հայ ժողովրդի պատմությունը 70-80 %-ով պետք է վերափոխվի, որ լիարժեք ասվի ճշմարտությունը: Այս առումով ժամանակին սկզբունքային նշանակություն ունեցան Պ. Սևակի ելույթները՝ ուղղված զորավար Անդրանիկին և առհասարակ հայ ազատագրական պայքարի գնահատմանը, ինչպես նաև ոխերիմ հարևան ազերի պատմաբանների զեղծարարությունների մերկացմանը: 
    Պ. Սևակը թարգմանվել էր Խորհրդային Միության ու աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, արժանացել միջազգային ճանաչման: Վերջին շրջանում, մանավանդ «Եղիցի լույս» գրքի արգելումից հետո ապրում էր մարդկային ծանր դրամա, հոգեկան խոր ճգնաժամ, այնքան, որ 1971 թ. հունիսի 3-ին՝ մահից ընդամենը 14 օր առաջ, հրաժարվեց ԽՍՀՄ գրողների միության 5-րդ համագումարի պատգամավոր լինելուց` պատճառաբանելով, թե «մինչ այդ ես ֆիզիկապես գոյություն չեմ ունենա»: Կյանքից անժամանակ հեռանալը՝ նրա ըմբռնումով՝ դարձել էր այնքան անխուսափելի, որ բնական մահը պիտի շեղում լիներ օրինաչափությունից:
    Մեծ բանաստեղծները նաև մեծ պայծառատեսներ են, ունենում են գալիքի զարմանալի, հաճախ մռայլ կանխազգացում: Այդպիսի գալիքնատես ու կանխասաց բանաստեղծներ էին Սիամանթոն ու Չարենցը, այդպիսին էր գրական ազգակցությամբ նրանց հաջորդող Պ. Սևակը: Նա թողեց շատ բան՝ բանաստեղծական ու գիտական մեծ ժառանգություն, բայց շատ բան էլ տարավ իր հետ. անավարտ թողեց «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» ուսումնասիրությունը, Նարեկացու «Մատյանի» ի՛ր թարգմանությունը գրաբարից, երազում էր ստեղծել մեր ժողովրդական «Սասնա Ծռեր» էպոսի՝ իր գեղարվեստական մշակումը...
    Այսքանի մասին գոնե արտահայտվել էր: 
    Մնացածը՝ չգիտենք:
    Դեռ 1960 թ. գրում էր.
    Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:
    Ա՜խ, երանի՜ թե ես այնպես մեռնեմ,
    Որ դու ... ինձ սգաս:
    Տասնյակ անգամներ նա իր ստեղծագործություններում խոսում է կանխահաս անբնական մահվան մասին, իսկ բնական մահը հնարավոր էր համարում միայն արդարությանը միամտաբար հավատալու դեպքում.
    Միամիտ եմ դառնում նորից,
    Հավատում եմ արդարության,
    Ու թվում է, թե ես պիտի
    Իմ բնական մահո՜վ մեռնեմ...
    Նրա կյանքն ընդհատվեց 47 տարեկան հասակում՝ ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման շրջանում՝ 1971 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած առեղծվածային ու խորհրդավոր ավտոարկածի հետևանքով: Բուն ճշմարտությունը հենց սկզբից կանխվեց ու թաքցվեց, ամեն ինչ վերագրվեց նրա վարորդական անփորձությանը: Ցավոք, այդպես գրեցին նաև նրա ընկերները (Լևոն Հախվերդյան և ուրիշներ), որոնց հավաստիացումները ներկայացվեցին որպես անհերքելի ճշմարտություններ, մինչդեռ կանխամտածված վթարային դրություն ստեղծելու և սպանություն կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել է Մոսկվայի հրամանով: Այսօր վերացված են բոլոր փաստաթղթային հիմքերը, և մնացել են միայն ժամանակակիցների հիշողություններն ու իրար հակասող ենթադրությունները:
***

    Տարածությամբ ու ժամանակով մեզ այսքան մոտ Պ. Սևակի կյանքն ուներ լեգենդային մշուշով պարուրված առեղծվածներ: Սակայն առավել ճիշտը, անգամ առեղծվածներից ավելի, անհրաժեշտ է այդ հզոր երևույթի ստեղծագործության խորունկ շերտերի մեջ ներսուզվելը, Պ. Սևակի գեղարվեստական մեծ աշխարհի հետ անմիջաբար հաղորդակցվելն ու նրան համզգալը: Իսկ այդ աշխարհում հայ կյանքի մի ողջ պատմաշրջանի խտացված պատկերն է. այնտեղ գեղագիտական նոր ծրագրերի հետ միասին առաջադրված են մեր ժողովրդի կենսակերպի, անցյալի, ներկայի ու գալիքի գրեթե բոլոր հիմնախնդիրները, և, որ նույնքան կարևոր է, դրանք ներկայացված են գերազնիվ հայի սրտացավությամբ, պարույրսևակյան ուրույն ոճով և նրան բնորոշ՝ կոփածո հստակ բանաձևումներով:
    Պ. Սևակի բանաստեղծական աշխարհը քննելիս նախ անհրաժեշտ է պարզել պոեզիայի նրա ընկալումը, պատկերավորման նրա սկզբունքները և գնահատման չափանիշները. այլապես չի հասկացվի՝ ինչի՞ց էր նա դժգոհ, ո՞ւմ դեմ էր կռվում, բանաստեղծությամբ հարուստ և առատ Հայաստանում ինչո՞ւ էր ներմուծում ռուսական, եվրոպական, ամերիկյան ու մանավանդ իսպանալեզու պոեզիայի ձևերը, ինչպես Սահարայի ավազների անսահմանությունն ունեցող Աֆրիկան նույն Սահարայում շինարարության համար պիտանի ավազ է ներմուծում այլ երկրներից (այս համեմատությունը նա արել է հոդվածներից մեկում և չբավարարվելով դրանով՝ ձևակերպել է նաև չափածո), և ո՞րն է իր նորարարության էությունը: Այստեղ է, որ պիտի դիմենք իրեն՝ Պ. Սևակին՝ տեսնելու համար, թե ի՛նքն ինչպես էր գնահատում իր նախորդներին ու ժամանակակիցներին:
    Պեշիկթաշլյանին նա արդարացիորեն համարում էր մեր նոր քնարերգության առաջին դասականը, Պ. Դուրյանին՝ մեր նոր քնարերգության Վահագնը, առաջին մեծը, որ միշտ լինելու է վերջինի կողքին, Սիամանթոյին անվանում էր ասպետորեն անկրկնելի բանաստեղծ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում էր, թե «բանաստեղծ ածականը քիչ է գալիս Սիամանթոյի համար, ինչպես որ Րաֆֆու համար՝ գրող մակդիրը»: Չարենցի կապակցությամբ էլ ասում էր, թե «որ տարիքում էլ մենք նրան կորցնեինք՝ մեծ բանաստեղծ կորցրած կլինեինք»: Վարուժանի առիթով նա բանաձևում էր, թե ամեն բանաստեղծ նման է մի ամրոցի, որին «հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց գրավել կարելի է միայն մեկ կողմից»:
    Պ. Սևակին էլ հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց ո՞ր կողմից է հնարավոր գրավել նրա բանաստեղծական ամրոցը, պարիսպների՞ց, արդյոք, թե՞ դարպասներից. բայց չէ՞ որ դրա համար անհրաժեշտ է լավ ճանաչել այդ կառույցի ամրություններն ու թուլությունները:
    Իրականության մեջ հակառակորդի ամրոցը գրավելու ելած խելամիտ զորավարն անմատչելի ամրությունների ու անխորտակելի դարպասների վրա չի հարձակվի, այլ իր ուժերը կնպատակամղի թույլ պաշտպանված կետերի վրա: Մարզաշխարհում և մանավանդ շախմատում էլ է այդպես. մրցակիցները հետախուզում են միմյանց պաշտպանական ամրությունները, հակառակորդի ճամբարում հայտնաբերում են պաշտպանական թուլություններ և գրոհում են թույլ թևի, վատ պաշտպանված զինվորների կամ ֆիգուրների վրա:
    Գրականության մեջ, սակայն, գործում են ուրիշ օրինաչափություններ. գրողին հնարավոր է գրոհով նվաճել ու արժևորել նախ և առաջ նրա ուժեղ, դարակազմիկ գործերով, որոնք նրա գրական աշխարհի միջնաբերդն են և ոչ թե թույլ պարիսպները կամ օժանդակ շինությունները: Այդպես էլ Պ. Սևակը պիտի գնահատվի իր իսկական նվաճումներով, գեղարվեստական ուժ ու կշիռ ունեցող մնայուն երկերով և ոչ թե ստեղծագործական որոնումների և հասունացման ճանապարհի այն գործերով, որոնք նույնիսկ կարող են ունենալ քանակական գերազանցություն, բայց ոչ որակական: Սակայն մի ճշմարտություն էլ կա. առանց այդ երկրորդական գործերի՝ լավերը՝ արվեստի տեսակետից ուժեղ գործերը, չէին ծնվի, որովհետև նրանցով է հարթվել գրողի հասունացման ու վարպետության ճանապարհը:
    Ստեղծագործական խառնվածքի և գրական հասունացման տևողության խնդիրն էլ կա: Բանաստեղծներն՝ իբրև երևույթ, ըստ Սևակի՝ պտղատու ծառերի են նման: Միանգամից, առաջին իսկ գրքով համընդհանուր ճանաչման արժանացած «վաղահաս» բանաստեղծներ կան, ինչպես Հովհ. Հովհաննիսյանն իր «Բանաստեղծություններ» գրքով, Իսահակյանն իր «Երգեր ու Վերքերով», Մեծարենցն իր «Ծիածանով» ու «Նոր տաղերով», Սիամանթոն իր «Դյուցազնորենով», Տերյանն իր «Մթնշաղի անուրջներով», Չարենցն իր 1910-ական թթ. բանաստեղծություններով ու պոեմներով, Շիրազն իր «Գարնանամուտով»: Սրանք, ինչպես Պ. Սևակն է ասում, վաղահաս բանաստեղծներ են: Կան նաև աշնանահաս ու ձմեռնուկ բանաստեղծներ, որ աստիճանաբար են հասունանում, աճում ու զորեղանում, ինչպես Թումանյանը, Վարուժանը, Պ. Սևակն ինքը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և ուրիշներ, էլ չենք խոսում անդադար գրող և աճի միտում բնավ չդրսևորող բանաստեղծների մասին, որոնք, դժբախտաբար, բոլոր ժամանակներում և ամենուր ունեն քանակական գերազանցություն:
    Պ. Սևակը հռչակվեց «Անլռելի զանգակատուն» պոեմով, որի բերած փառքն ու նրա շուրջ ծագած աղմուկը, սակայն, դյուրավ մարսելի չէր: Նա հայտնվեց գրական կյանքի և պետական աչալուրջ մարմինների ուշադրության կենտրոնում: Դրանից հետո այլևս Պ. Սևակի համար շատ էր դժվարացել Երևանում գիրք հրատարակելը, որովհետև հայրենասիրական ախտանիշներ ու ազգային մտածողություն ունեցող գրական առաջատար ուժերին՝ Հ. Շիրազին, Պ. Սևակին, հետո նաև Հր. Մաթևոսյանին (նրան էլ՝ «Ահնիձոր» հանդուգն ակնարկից հետո) առանց գլավլիտային-գրաքննչական միկրոսկոպով խուզարկելու և մկրատով խուզելու չէին հրատարակում: Այս էր պատճառը, որ ե՛ւ Պ. Սևակը, ե՛ւ Հր. Մաթևոսյանը, քանի որ Մոսկվայում ունեին լայն կապեր, իրենց գրքերը նախ այնտեղ էին հրատարակում ռուսերենով, որպեսզի երևանյան գրաքննիչներին կարողանան ասել՝ տեսե՛ք՝ ռուսները տպել են, դո՞ւք ինչու չեք տպում... Այսպես, Մոսկվայում 1959 թ. տպվելուց հետո, 1963-ին Երևանում որոշ համալրումներով լույս տեսավ «Մարդը ափի մեջ» ժողովածուն, որով հեղինակը բերում էր արվեստի նոր ըմբռնում, նոր տեսակի քնարական հերոս, բանաստեղծության մեջ դառնում էր նոր օրենսդիր՝ սահմանելով «նոր օրենք, նոր կարգ», այսինքն՝ բերում էր որակապես նոր բանաստեղծություն ու գեղագիտություն, որը այն ժամանակներից ի վեր կոչվում է պարույրսևակյան բանաստեղծական աշխարհ:

    Բնականաբար, ընթերցողը պիտի կենտրոնանա Պ. Սևակի ստեղծած իրական գեղարվեստական արժեքների վրա, որոնք հիմնականում «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուներում են ընդգրկված: Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջին գրքի բանաստեղծությունների զգալի մասը գրվել է նախորդին համարյա զուգահեռ կամ ժամանակային քիչ տարբերությամբ՝ 1960-66 թթ., ապա հասկանալի կդառնա, որ հատկապես 1957-67 թվականներն են եղել բանաստեղծի ամենից բեղմնավոր ու որակական տեսակետից ամենից արդյունավոր տարիները:
    Այդ որակական կշիռն ստեղծվել էր համաշխարհային բանաստեղծության նորագույն ձևերի յուրացումով ու ազգային գեղարվեստական մտածողության հետ համադրելով: Նույնիսկ որոշ գրական մարդիկ (Նաիրի Զարյան, Աբրահամ Ալիքյան, Գուրգեն Մահարի, Հրաչյա Հովհաննիսյան և ուրիշներ) օտար, մանավանդ ռուս և իսպանալեզու պոեզիայի ձևերի չարաշահման վտանգ էին տեսնում և լրջորեն կշտամբում էին բանաստեղծին: Ավանդական բանաստեղծության սովոր ընթերցողը, սակայն, անգամ որոշ քննադատներ էլ, որոնք բանաստեղծի մահից հետո շտապեցին ներկայանալ իբրև նրա մտերիմ ընկերներ ու բարեկամներ, մի որոշ շրջան դեռևս պատրաստ չէին նրան հասկանալու և արժանավորապես գնահատելու. ոմանք «Զանգակատնից» հետո «Մարդը ափի մեջ»-ը նույնիսկ նահանջ էին համարում, մինչդեռ բոլորովին այլ կարծիքի էր հեղինակն ինքը: «Ականջդ բեր ասեմ», «Թռուցիկ երգեր», «Վերնագիրը վերջում» շարքերը, ինչպես պարզվում է հեղինակային բացատրություններից, նախապես ծրագրված են եղել որպես պոեմներ: Եվ հենց այդ շարքերն էր նա համարում բանաստեղծական հայտնություններ, մանավանդ «Վերնագիրը վերջում»-ը: Ավելին. պարզվում է նաև, որ «Ականջդ...» շարքը, իրոք, սկզբնապես նույնիսկ գրված է եղել որպես պոեմ՝ «Ինքներգություն» խորագրով, հետո դարձրել է «Մարդերգություն»՝ Ռ. Սևակից փոխառությամբ, և վերջնական տարբերակում է դարձել «Ականջդ բեր ասեմ»: Սակայն այդ պոեմները մասնատվել, առանձին բանաստեղծություններ են դարձվել՝ ընթերցողի ընդհանուր մակարդակը նկատի ունենալով և մատչելիության նկատառումներով (Պ. Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 6, Երևան, 1976, էջ 426):
    «Մարդը ափի մեջ» գրքի բանաստեղծական շարքերին իր նամակներից մեկում Պ. Սևակը տալիս է հետաքրքիր մեկնաբանություն: Նա դժգոհ է ազգային-հայրենասիրական բովանդակություն ունեցող «Անլռելի զանգակատուն», «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմներով ու «Հարկ հոգեկան» շարքի բանաստեղծություններով իրեն գնահատողներից՝ դրանց համընդհանուր հաջողվածության գաղտնիքը համարելով հայկական թեման, «հայի հոգուց խոսելը», ա՛յն, որ, «միջակ ու դրանից բարձր ու ցածր ընթերցողները համագումարվում են, համաճաշակավորվում, և ... Պ. Սևակը շահում է ... Իսկ աշխատել միմիայն հայկական թեմայով՝ նշանակում է ոչ միայն կամովին ինքնասպան լինել, այլև ինքնասպանության տանել հենց ողջ հայկականը» (տե՛ս նույն տեղը, էջ 416-417): Իր մասին և ազգային բովանդակությամբ գեղարվեստի մասին անարդարորեն այսպես էր մտածում Պ. Սևակը, որովհետև ինքն էլ էր ձգտում Չարենցի նման ունենալ համաշխարհային հորիզոն ու լսարան:    Պ. Սևակ բանաստեղծը պիտի լուծեր իր և ժամանակի հարաբերության խնդիրը: Չարենցյան «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր» պատգամը դեռ վաղ հասակից յուրացրած Պ. Սևակը հասունացել էր այնքան, որ առաջադրում էր իր բանաձևը «Լինել Ժամանակակից՝ չի նշանակում լինել ժամանակին կից»: Եվ իրոք, Պ. Սևակը ժամանակի գերին չէր, այլ դարին ու ժամանակին ուղի և ընթացք տվող, ժամանակից առաջ ընկած հզոր անհատականություններից մեկը, որը գեղագիտականի հետ միասին առաջադրում էր համազգային խնդիրներ:
    «Անլռելի զանգակատնով» նա աշխարհին ներկայացրեց Կոմիտասին, «Եվ այր մի» պոեմով՝ Մեսրոպ Մաշտոցին, իր դոկտորական ատենախոսությամբ՝ Սայաթ-Նովային, մտադիր էր ներկայացնել նաև Նարեկացուն ու միջնադարի մյուս տաղերգուներին: Մաշտոցը և Նարեկացին հասկանալի են, բայց արտաքուստ կարող է տարօրինակ թվալ Կոմիտասի և Սայաթ-Նովայի նկատմամբ գրեթե հավասար բուռն հետաքրքրությունը: Տարօրինակ՝ զուտ այն իմաստով, որ խնդիրն առնչվում է աշուղական բանաստեղծությանն ու երաժշտությանը:
    Կոմիտասյան դասականություն և սայաթնովյան աշուղականություն թվացյալ հակադրությունը ինչպե՞ս էր համատեղում ինքը՝ Պ. Սևակը: Դա իրոք թվացյալ հակադրություն էր, որովհետև բանաստեղծության մեջ հնացած աշուղականության դեմ մարտնչող Պ. Սևակը կողմնակից էր աշուղականի մեջ բանաստեղծությանը և հիացած էր Սայաթ-Նովայի՝ աշուղական ձևերի մեջ դրսևորած բանաստեղծական հանճարով: Այս պատճառով է, որ Սայաթ-Նովայի կենսագրության, մանավանդ նրա ծննդյան տարեթվի շուրջ Պ. Սևակի հետ վիճողներ եղան (թեև Լ. Դուլյան սայաթնովասերը երգչի թուրքերեն խաղերի ծածկագրերի՝ թուրքական տառերի հենց թուրքական, ո՛չ արաբական թվահամարների կիրառմամբ՝ նոր վերծանումներով հաստատում է Պ. Սևակի ճշմարտացիությունը), սակայն նրա խաղերի գեղագիտական վերլուծման ու արժևորման հետ ոչ ոք չի վիճում ու հակադրում:
    «Մարդը ափի մեջ» գրքով հեղինակն ընթերցողին ներկայանում էր որպես մեծ մարդագետ՝ մարդուն առնելով ափի մեջ, այսինքն` իր համակողմանի տեսադաշտում, և իր պոետական հզոր լուսարձակով զննում ու դիտարկում էր նրան բոլոր կողմերից, բացահայտում մարդկային էության բոլոր խորշերն ու շերտերը՝ արժևորելով նրա հոգևոր էությունը, մտածողությունն ու նկարագրի հատկանիշները` սիրելն ու ատելը, կասկածելն ու մեծամտանալը, հրավիրել-ուրախանալն ու ողբալը, հիասթափվելն ու հավատալը, խոստանալն ու հպարտանալը, գժվելն ու խանդելը:
        Գեղագիտական ծրագիր ներկայացնելը և առհասարակ որպես հանդուգն, ինքնատիպ բանաստեղծ ներկայանալը համեմատաբար անվտանգ էր, թեև այստեղ էլ կային լուրջ բարդություններ՝ կապված խորհրդային կաղապարներից ու պարտադրանքներից ակնհայտ շեղումների հետ: Ավելի դժվար էր հա՛յ բանաստեղծ և մանավանդ ազգությա՛ն բանաստեղծ ներկայանալը, մեր ազգային ցավերն ու երազանքները բանաստեղծությամբ արտահայտելը: 1963 թ. լույս տեսած գրքում բանաստեղծություններ կան, որոնք կարող էին նույնիսկ այսօր գրվել ու լինել արդիակաn:
    Իր գեղագիտական ու գաղափարական հարցադրումներով «Մարդը ափի մեջ» գիրքը գրական շրջաններում առաջ բերեց մի քանի տարի տևող բուռն բանավեճեր, ուր շոշափվում էին բանաստեղծության էության, ավանդապահության ու նորարարության, «ինչ»-ի և «ինչպես»-ի և «որպես»-ի, այսինքն՝ պոեզիայի մեջ ձևի և բովանդակության հարաբերակցության խնդիրները:
    Հենց այդ բանավեճերի թոհուբոհի մեջ էլ ծնվեց Պ. Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» ժողովածուի բանաստեղծությունների զգալի մասը, ժողովածու, որը տպագրվեց 1969-ին, բայց ունեցավ ճիշտ ու ճիշտ Չարենցի վերջին մատյանի՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուի ճակատագիրը: Չարամիտ զրպարտիչների մի հնգյակի հրահրմամբ՝ այն տպարանից ուղարկվեց ոչ թե ընթերցողին, այլ արգելվեց ու վերցվեց կալանքի և մի քանի բանաստեղծությունների հանում-հոշոտում-կրճատումով լույս տեսավ 1971-ին՝ հեղինակի եղերական մահից հետո:
    «Եղիցի լույսը» ստեղծագործական մեծ խիզախում էր, պոեզիայի պարույրսևակյան տեսական ըմբռնումների գործնականը, ուր դրսևորվում էին նրա պատկերավոր մտածողության բոլոր էական ու կարևոր առանձնահատկությունները՝ զգացմունքով շաղախված մտքի ուժգնությունը, դարի արատների՝ խավարի և անորոշության դեմ ազնիվ ու մոլեգին կռիվը, լույսի հաղթանակով մութը հերքելու նարեկացիական ձգտումը, մեր ժողովրդի մարդկային արժանապատվության ու ազգային պահանջատիրության բանաստեղծականացումը:
***

    Հայաստանի գրականագետներից ոմանք առաջներում բանաստեղծներին բաժանում էին երկու խմբի՝ հուզական և դատողական, և Պ. Սևակին էլ դասում էին դատողական բանաստեղծների շարքը: Արհեստական ու բռնազբոսիկ այս բաժանումը Պ. Սևակի համար ոչ միայն ընդունելի չէր, այլև վրդովեցուցիչ էր, որովհետև նա իր բանաստեղծությամբ մարտահրավեր էր նետել հենց կեղծ հուզականությանն ու հեքիաթա-նաղլականությանը: Նամակի նման՝ ավելորդ մանրամասնություններ պարունակող բանաստեղծությունը նոր ժամանակներում նա համարում էր հնացած, իսկ «նոր» բանաստեղծությունը, նրա համոզմամբ, իր բնույթով պիտի լիներ հեռագրի նման, այսինքն՝ ավելորդություններից զերծ, կարճ ու դիպուկ, կես խոսքից հասկանալի: Բայց սրա հետ միասին առաջադրում էր նաև սիմֆոնիզմի կամ համանվագայնության խնդիրը, որով պիտի չեզոքանային միագիծ պարզունակությունն ու կենսական աղքատությունը, ասելիքը բխեր կյանքից ու նրա բանաստեղծական ընկալումից, իսկ բանաստեղծական պատկերը լիներ ընդգրկուն ու բազմաշերտ, խելքը չբացարձակացվեր ու չվերածվեր տրամախոսության ու ճառաբանության: Այսպես պիտի իրականացվեր առօրեականի, անբանաստեղծականի պոետականացման, մտքի և հույզի ներդաշնակ պատկերման ծրագիրը:

    Սա դատողական հո՞ւյզ է, թե՞ հուզական դատողություն. այստեղ մտքի՞ գերակշռությանն է զգալի, թե՞ զգացմունքի. որակումը չէ կարևորը, այլ այն, որ իրականում ճիշտ այդպես էր ապրում խորհրդային ժամանակների մարդը՝ ենթարկվելով մարմնի տարբեր մասերը բեմի ետևից ձգող անտեսանելի թելերի ամենազոր իշխանությանը, և արդարացի էր բանաստեղծի զայրույթը. «Սա՞ է դատողական... Բա դա քննադա՞տ է, չի էլ պատկերացնում, թե էս խեղճ Պարույր Սևակը ինչքա՜ն տառապած պիտի լինի այսպիսի տողեր գրելու համար...»:
    Ավելին. հանուն ազգային օրախնդիր հարցերը բացախոսությամբ հնչեցնելու՝ երբեմն իր «կոշկի հետ խոսող», անգամ կամավոր խեղկատակի ու ծաղրածուի դեր ստանձնած դյուրավառ արյամբ բանաստեղծը, որն իրեն անվանում էր «եկած ապագա, վառվող արյուն, ապրող հիշողություն կամ քայլող պատմություն», «Եղիցի լույս» գրքում ոչ միայն մեր ազգային ցավն էր բանաստեղծում «սարքովի ճշմարտության» փոխարեն, այլև խորհրդային կայսերապետության մեջ ապրող բոլոր ժողովուրդների ու համայն աշխարհի մարդկության ցավը: Նրա կռիվը գերտերությունների դեմ էր, մանավանդ խորհրդային գերտերության: Այն պետությունը և մանավանդ այն ժամանակը, որի մեջ ապրում և ստեղծագործում էր Պ. Սևակը, ընդամենը մեկ տասնամյակ հետո նույն այդ պետության ղեկավարների կողմից պիտի կոչվեր «լճացման դարաշրջան», և նրանք էլ պիտի վճռական միջոցներ ձեռնարկեին վերակառուցման՝ պերեստրոյկայի համար, իսկ այդ միջոցների գործադրումն էլ ի վերջո հանգեցրեց կայսերապետության ջլատմանն ու վերջնական փլուզմանը:
    Իսկ բանաստեղծն ավելի շուտ՝ տասնամյակներ առաջ էր զգացել ու նկատել փլուզման գործընթացը, անգամ գիտեր դրա ողջ պատճառահետևանքային համակարգը, ուստի ահազանգում - զգուշացնում էր վերևից ներքև ու ներքևից վերև: Երկնքում չկան աստվածներ, իսկ երկրի վրա բազմած հողեղեն աստվածները, որ խորհրդային ղեկավարներն էին, մարդկանց հոգիներում ոտնագնդակ էին խաղում ու նրանց կոկորդում թխմվել էին իբրև խորխ, որից շուտափույթ ազատվել էր պետք շնչել կարողանալու համար: Այս իրավիճակից փրկվելն անկարելի էր դարձել, որովհետև այդ հողեղեն աստվածները դարձել էին անտանելի մի բեռ՝ ուղտի համբերությամբ դիմացող այն ժողովրդի ուսերին, որը, համբերության բոլոր պաշարները սպառած, հասել էր բեռը թոթափելու գիտակցության: Հենց այդ բեռ-աստվածներն էլ հյուսել էին համառորեն չպատռվող այն ցանցը, որի մեջ թպրտում էր իրավազուրկ ու հպատակ մարդն ու մարդկությունը.
    Եվ մեր լեզվից կախ են տվել կեռերով
    Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ...
    Պատկերն ավելի ըմբռնելի կդառնա, եթե հիշենք, որ «Եղիցի լույսը» լույս էր տեսնում համայնավարների կուռքի 100-ամյակի տոնակատարության օրերին, իսկ Ռուսաստանում թեև այժմ արդեն մերկացրել ու բացահայտել են երկիրը քանդող այդ օտարերկրյա գործակալի իրական դեմքն ու էությունը, բայց մինչև օրս էլ վիճում են, թե ինչ անեն Կրեմլի հարևանությամբ կառուցված դամբարանում պահվող անթաղ դիակը, որ կեռերեվ կախված էր խորհրդային մարդկանց լեզվից: Նույն Կրեմլից էին տարածվում խորհրդային երկիրը կառավարող բոլոր հրահանգները, նրա պալատներում էին հնչում մեդալներն ու շքանշանները իրենց կրծքերի վրա տողադարձած ապրող կուռքերի ու քաղաքական դիակների համագումարային ճառերը: Իսկ այս ճշմարտությունն իրոք անկարելի էր ասել բաց տեքստով, ուստի բանաստեղծը, որ իրեն նաև Աստծու քարտուղար էր համարում, դեռ հին աշխարհից հայտնի խոսքի այն եղանակն էր ընտրել, որով ծաղրածուներն ու խեղկատակներն էին ճշմարտությունն ասում արքաների երեսին:

    Պ. Սևակը, որ բանաստեղծության համանվագայնության կամ սիմֆոնիզմի կողմնակից էր, Սիամանթոյի, Տերյանի ու Չարենցի նման կենսական երևույթներն առավել համակողմանի ներկայացնելու և բանաստեղծության արտահայտչական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կիրառում էր չափածոյի ուրույն ձևեր, բանաստեղծական տողը և խոսքի երաժշտական համաչափությունը կառուցում էր տրամաբանական շեշտով, բառիմաստի ընդգծմամբ, կենսական երևույթը, մարդկային խոհն ու ապրումը ներկայացնում բազմաչափ տարածության մեջ, մտածում էր բանաստեղծական շարքերով՝ դրանց դնելով բնորոշ վերնագրեր:
    Լինելով հայ բանաստեղծական խոսքի զարգացման նախանձախնդիր՝ այդ մեծ մարդագետը ազգային և համաշխարհային գեղարվեստական ձևերի համադրումով նոր ու անսովոր գրական որակ ստեղծեց, որին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, ժամանակից մարդու խոհերի ու զգացմունքների նորովի մարմնավորումը, խիզախ հարցադրումներն ու մտքի հզոր թռիչքները, դարի ցավերի թակարդն ընկած մարդուն ազատելու և իր լուսավոր ձգտումների ու երազների սանդուղքով վեր բարձրացնելու առաքելությունը:
Իր մարդկային ու բանաստեղծական էության, իր սխրանքի խոր ըմբռնումով նա սերունդներին պատգամել է.
    Մտածե՛ք նաև ձեր որդո՛ւ մասին.
    Խոսում եմ նաև նրա՛ անունից.
    Դուք գնալո՜ւ եք,
    Իսկ նա գալու է:
    «Մարդը ափի մեջ» գրքում, սակայն, Պ. Սևակը համեմատաբար լավատես էր. գալիքի և սերունդների վերելքի մասին արտահայտվում էր անթաքույց հավատով: Իսկ «Եղիցի լույս»-ի շարքերում, մանավանդ առանձին մի քանի բանաստեղծություններում կարծես նրան անդադար ճնշում է ժողովրդի ընդհանուր վիճակից եկող մի անփարատելի թախիծ: Դարի մութին ու պնդերես խավարի թագավորությանը բանաստեղծը թեև հակադրվում էր լույսի, բարության ու գեղեցկության փառաբանությամբ, սակայն «պատացած մութը» դրանով չէր հերքվում, ծանր խավարը չէր թողնում հեռանում: Արշալույսն էլ պիտի գար զոհաբերությամբ, բանաստեղծի՛ ինքնազոհությամբ:


    Պ. Սևակը դարձել էր իր դարաշրջանի զգայնաչափը. դեպի ո՞ւր էին տանում միակուսակցական խորհրդային երկրում կատարվող գործընթացներն ու զարգացումները, բազմազգ ու բազմալեզու այդ քայքայվող կայսերապետության՝ զառամախտով տառապող ղեկավարներն իրենց դիմակներով, սուտ ու փուտ հոբելյաններով ո՞ւր էին առաջնորդում ժողովուրդներին, ի՞նչ էր սպասվում հայ ժողովրդին ապագայում, Հայաստան աշխարհում և այլուր վաղն ի՞նչ լեզվով էին խոսելու, ինչո՞վ էր ավարտվելու Խավարի դեմ նրա մղած պատերազմը, արդյոք հաղթանակելո՞ւ էին Լույսը և Բարին: 
    Մահն արհամարհող աներկյուղ բանաստեղծի գաղափարական այս հարցադրումները՝ իրենց գեղագիտական լուծումներով, առավել սուր հնչողությամբ արծարծվեցին «Եղիցի լույս» գրքում: «Դարակեսի պարգևները», «Ողջույնի քմայքները», «Իրերի բնույթը» շարքերը քիչ է ասել` ժամանակից ու հարաբերություններից դժգոհ բանաստեղծի բողոքն են մարմնավորում. սրանք արդեն մարդու ներաշխարհը բացահայտող գեղարվեստական այն որակն են, որ չի ունեցել նախորդ շրջանի մեր բանաստեղծությունը:
    20-րդ դարի պարույրսևակյան բնութագիրը. հոբելյանական, հյուլեական, կարծես ավելի քան բանական, բայց նաև նույնքան խելագար դար: Այդ դարի Մարդը՝ անզոր ու հզոր քաղաքացին, հայտնվել է անբուժելի ցավի, խավարի ճնշող թագավորության և անլուծելի հանելուկներով հանգուցված անորոշության հորձանուտում. ինչպե՞ս ազատել նրան այդ մղձավանջային իրավիճակից:

    Ճշմարտության, Լույսի ու Բարության բանաստեղծն էր Պ. Սևակը, որի կարգախոսներից մեկն էլ սա էր՝ Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք: Եթե մաքրություն լիներ աշխարհում, ցեղասպանություն ու պատերազմներ չէին լինի, և եթե աշխարհը չմաքրվի, դրանք չդատապարտվեն, եղեռնագործ ցեղասպանները չպատժվեն, դրանք ամեն պարագայում կրկնվելու են: Այս մտահոգությունը 1965 թ. Պ. Սևակին մղեց գրելու «Եռաձայն պատարագ» եռամասնյա պոեմը՝ «Ողբամ մեռելոց», «Բեկանեմ շանթեր» և «Կոչեմ ապրողաց» գլուխներով: Այս խորագրերը՝ վերցրած շվեյցարական Շաֆհաուզեն բնակավայրի 1486 թ. տաճարի զանգի լատինատառ փորագրությունից, որ բնաբան էր դարձրել Շիլլերը իր «Զանգակի երգը» բանաստեղծության համար, դարձել են «Եռաձայն պատարագ» պոեմի կառույցը թելադրող գործոններ ու հեղինակի ռեքվիեմ-մենախոսությունն ուղղորդող բանաձևեր:
    Դարձյալ չենք խորանում մանրամասների մեջ, բայց եթե նկատում ենք՝ ի՛նչպես էր 1965 թ. Պ. Սևակը մատնացույց անում, որ ֆաշիզմի ստեղծած համակենտրոնացման մահաճամբարների՝ Օսվենցիմի, Բյուխենվալդի, Մայդանեկի հիմքերը դրվել էին Դեր Զորում ու հարակից վայրերում, ուր 2 միլիոն մարդ ի խաչ բարձրացավ, ու 2 միլիոն անուն տապանաքարին չփորագրվեց, և հասկանում ենք, թե՝
    Օտար աշխարհում ազատ լինելը այլ գերություն է,
    Եվ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն, -
    առավել ըմբռնելի է դառնում ապրողներիս ու գալիք հայ սերունդներին ուղղված «Եկեք միանանք» պարույրսևակյան բանաձևը:
    Պ. Սևակն այն բանաստեղծներից է, որին պետք է ընթերցել նորից ու նորից: Նրա ստեղծագործությունն ինքներս մեզ ճանաչելու բանալի է, հայոց ազգային անկախ պետականության շուրջ համախմբվելու պատգամախոսություն, մեր փոքրիկ հողի մեծ երազանքի իրականցման երաշխիքներից մեկը:

Հայ հին գրականություն


Ներածություն

   Հայ հին գրականությունը համաշխարհային գրավոր մշակույթի հետաքրքիր և ինքնատիպ բնագավառներից է: Նրա ակունքները խոր հնադարում են, այն ժամանակներում, երբ հայկական լեռնաշխարհում տոհմերի և ապա ցեղերի միավորման ճանապարհով ձևավորվել է հայությունը իբրև ժողովուրդ ու ազգ. Այդ գործընթացն ունեցել է մի քանի հազարամյակի տևողություն, և գեղարվեստական միտքն իր արտահայտությունն է ստացել բացառապես բանավոր ճանապարհով, որպես նախնական աշխարհայեցողություն ու հավատալիք: Վաղնջական այդ պատկերացումները վերաբերում են չար ու բարի ոգիներին, հոգու հավատքին, բնության պաշտամունքին և տարերային ուժերի աստվածացմանը, օդերևույթքին ու երկնային լուսատուներին: Նրանց մեջ երևան է եկել անիմիզմը, ըստ որի բոլոր առարկաներն ընկալվել են մարդկային էությամբ ու բնավորությամբ: Լուսատուների և օդերևութային շարժումների պատճառ համարվել են դեմոններն ու աստվածները. Նախնի հայերի պաշտամունքի դրսևորումներից մեկն էլ եղել է տոտեմիզմը, սրբազան համարված որևէ կենդանու, բույսի կամ բնության երևույթի աստվածացումը. Աստվածացնելով, պաշտողները նրանց դիտել են որպես իրենց նախնիներ և իրենց էլ կոչել նրանց անունով.
      Հայկական հնագույն հավատալիքներն ու պաշտամունքը, իբրև աշխարհայեցողություն ու կյանքի գեղարվեստական պարզ ընկալում, խոր հետքեր թողնելով բարքերի ու կենցաղի մեջ, շարունակել են հարատևել ու պահպանվել ոչ միայն քրիստոնեական միջնադարում, այլև հասել են մինչև նոր ժամանակներ, անշուշտ շատ բան կորցրած իրենց նախնական ամբողջականությունից ու անաղարտությունից, լեզվով նորոգված, կերպարանափոխված ու խավավորված ըստ քրիստոնեական աշխարհայեցողության, միահյուսված պատմակենցաղային բնույթի այլև այլ դրվագների. Մինչև հինգերորդ դար կենցաղավարելով որպես ավանդական բանահյուսություն, այնուհետև նրանք ամբողջ միջնադարում այս կամ այն չափով տեղ են գտել հայ մատենագրության մեջ, սովորաբար ժխտման ու մերժման վերաբերմունքով, իսկ հատկապես ԺԹ-Ի դարերում ժողովրդական զրուցաբանների ու բանասացների բերանից գրառվել են ու հավաքվել բանահյուսական և ազգագրական ժողովածուներում: Այդպիսով, բանահյուսական վաղեմի նմուշները, նրանցում արտահայտված հավատալիքներն ու պաշտամունքը միջնադարում և նոր ժամանակներում իրենց գոյությունը պահպանել են որպես վերապրուկներ: Անհիշելի ժամանակներից հարատևող հավատալիքների ու պատկերացումների մասին են վկայում հմայական աղոթքները (այսպես կոչված «կապքի աղոթքները», որոնք հետագայում ևս կենցաղավարել են բերանացի ճանապարհով, գրավոր «հմայքները», «հմայեկները" կամ "հմայիլները"), հմայական բանաձևերն ու երդմնեցումները, նաև սնահավատական զրույցները. Դրանք միաժամանակ հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության ամենահին դրսևորումներն են.

      Հավատալիքների ու աշխարհի մասին նախնական պատկերացումների համեմատությամբ ավելի հասուն աշխարհընկալման արդյունք են հայ ժողովրդական առասպելները, որոնց պահպանման համար պարտական ենք, մանավանդ, պատմահայր Մովսես Խորենացուն: Հայկական առասպելաբանության առկա ամենահին գրավոր աղբյուրը Խորենացու «Հայոց պատմությունն» է, հատկապես նրա առաջին գիրքը. Խորենացին նշում է այն սկզբնաղբյուրները, համաձայն որոնց ներկայացրել է առասպելներն ու դիցաբանական զրույցները. դրանցից մեկը ասորի Մար Աբաս Կատինայի անունով (կամ թերևս նրան վերագրված) մի մատյան է եղել, իսկ մյուսը, հայ ժողովրդական գուսանական երգերը, հայոց նախնիների, նահապետների ու դյուցազունների մասին հերոսական պատումները, որ կատարել են գուսանները փանդիռի նվագակցությամբ:
Պատմագրություն

   Հայ գրականության առաջին դարը, որն ընդունված է անվանել «Ոսկեդար» տվել է հինգ նշանավոր պատմիչներ, օտարանուն Ագաթանգեղոսին ու Փավստոս Բուզանդին, որոնց անձն ու կյանքի հանգամանքներն անորոշության քողով են պատված, ապա, Եղիշեին, Մովսես Խորենացուն և Ղազար Փարպեցուն. Նրանք բոլորն էլ ապրել են կամ նույն տասնամյակների մեջ և կամ միմյանցից քիչ առաջ ու հետո, բայց նրանց ստեղծագործությունները մտածական ու ոճական առումով որքա՜ն տարբեր են միմյանցից, ասել է, թե նրանցից ամեն մեկը որքա՜ն ինքնատիպ անհատականություն է.

Ագաթանգեղոսը (կամ այդ անվան տակ թաքնված անձը) Հայաստանում քրիստոնեական դարձի լարված մթնոլորտի շունչն է բերում մեզ. Իր փայփայած ճշմարտությանը հոգին տրված մի հեղինակ է նա, որի «Հայոց պատմության» մեջ մարդկային այպանելի ու մերժելի կրքերը և վեհասլաց գաղափարները անհաշտելիորեն բախման մեջ են. Նրանց կրողներն են մի կողմից, հեթանոս Տրդատն ու նրա ավագանին, իսկ մյուս կողմից, քրիստոնյա Գրիգորն ու Հռիփսիմեն, իր ընկերուհիներով, բոլորն էլ բևեռացած կերպարներ. Հաղթանակում են կենդանի նահատակ Գրիգորն ու Քրիստոսին հարսնացած Հռիփսիմյան վկայուհիները. Մարմնական բիրտ ուժը պարտվում է, հաղթանակը հոգունն է, ճշմարիտ Աստծունը. Դա Ագաթանգեղոսի համար Հայոց աշխարհի փրկությունն էր, և օրինչափ է, որ իր աշխատության երրորդ գիրքը նա խորագրել է հենց այդպես », - Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան»:

Փավստոս Բուզանդ պատմիչը, որը թեև Ագաթանգեղոսի անունը չի հիշատակում, բայց ակնհայտորեն վկայում է, որ քաջածանոթ է նրա գործին, իր «Հայոց պատմությամբ» անմիջականորեն շարունակում է նրան, տալով հաջորդ 5 և 6 տասնամյակի (331 և 387 թթ.) Պատմավիպական նկարագիրը: Ավելի քան իր նախորդը, նա հանձնվում է վիպական բանահյուսության տարերքին, ինչպես նկատված է, ինքն էլ կարծես հանդես գալով որպես մի ժողովրդական ասացող. Համենայն դեպս կարծես բուն ժողովրդական նախնական անաղարտ պատկերի մեջ, մանավանդ, նա է պահպանել «Պարսից պատերազմ» վեպը, իր ողբերգական ավարտով, Արշակունյաց Հայաստանի բաժանումով և օտարահպատակ դառնալով. Պատմիչի պատկերավոր համեմատությամբ, Հայաստանը պատռվում և երկատվում է իբրև հնացած ձորձ. Հերոսական ժամանակները կարծես տեղի են տալիս, գալիս են «աւուրք չարչարանաց". Ոսկեդարի պատմիչների երկերից իր բառագանձով և լեզվամտածողությամբ Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանն առավել հարազատը Փավստոսի պատմությունն է.

Կա ժամանակագրական մի տեսություն, ըստ որի Ե դարի հայ պատմագրության հուշարձաններից առաջինը, Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից հետո, Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գիրքն է, ստեղծված մինչև 460- ական թթ. կեսերը, երբ հայ կյանքում իբր դեռ բարձրացված չի եղել ս. Գրիգոր Պարթևի անունը որպես ազգային ամենամեծ սրբի (Եղիշեն չգիտի նրան), 460- ական թթ. երկրորդ կեսին հանդես է եկել «Ագաթանգեղայ պատմութիւնը», այնուհետև ստեղծվել է «Թադեոս առաքյալի վկայաբանությունը», ի հակակշիռ Արևմուտքից Կեսարիայի ճանապարհով քրիստոնեության, Հայաստան մուտք գործելու իրողության և ս. Թադեոս առաքյալով ընդգծելով նոր հավատի, հարավի ճանապարհով Հայաստանում տարածվելու տարբերակը (այդ փաստը Ագաթանգեղոսին հայտնի չէ), վերջապես, հիշված երկերից հետո միայն գրվել է Փավստոսի պատմությունը (որ գիտի թե Ագաթանգեղոսի աշխատությունը և թե ս. Թադեոսի վկայաբանությունը).  Ժամանակագրական այդ պատկերացումը, սակայն, որքան էլ տրամաբանված հիմքեր ունենա, համոզիչ չէ. Ավելի հավանական է, որ Եղիշեն հաջորդում է երկու վաղ պատմիչներին և իր ըմբռնումներով ու պատմագրելու եղանակով ավելի բարձր մակարդակ է ներկայացնում.

Ինչպես հաստատում է մեծանուն հայագետ, հանգուցյալ ակադեմիկոս Լ. Խաչիկյանը, Եղիշեն իր փիլիսոփայական հայացքներով կապվում է նորպլատոնական ուղղության հետ և իրապես նրա առաջին հետևորդն է հայ իրականության մեջ: Նրա գիրքը հայոց պատմության մի հատվածական շրջանի (449 և 450 ական թթ.), Բայց վճռական ու մեծանշանակ իրադարձության, Վարդանանց պատերազմի հերոսապատումն է. Հայրենական անհավասար կռվի ելած ժողովուրդը, հայոց սուրբ ուխտի նվիրյալները Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ 451 թ. մայիսին Ավարայրի դաշտում անօրինակ սխրանք կատարեցին, դիմակայելով թվով երեք անգամ իրենց գերազանցող պարսից բանակին. Հետազոտողները սովորաբար այդ իրադարձությունը բնութագրում ու գնահատում են որպես հայերի համար, բարոյական հաղթանակ, իսկ Սասանյան Պարսկաստանի համար, զենքի հաղթանակ. Բայց իր ժողովրդի սխրանքով, մեծ նպատակի համար անձնազոհության դիմելու նրա պատրաստակամությամբ ոգեշնչված պատմիչ և բանաստեղծը տալիս է ճակատամարտի ավելի խոր բանաձևումը. «Մի կողմը չէր, որ հաղթեց, և մյուս կողմը չէր, որ պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ ելնելով, երկու կողմն էլ պարտության մատնվեցին". Եվ դա հիմնավորված է, եթե նկատի ունենանք, որ Հազկերտ Երկրորդ արքան այնուհետև հրաժարվեց հայերին հավատափոխ անելու (ասել է, թե, հայ ժողովրդի ձուլման) խելահեղ ծրագրից. Գրքում նահատակության գաղափարը պատերազմի ու մահվան ժխտումն է և ստրկությունից ազատ կյանքի պանծացումը. Դրանով Վարդանանք դարձել են հայոց ազատաբաղձության և արդար ընդվզումի խորհրդանիշ. հայ եկեղեցու տոնելի սրբեր. Եղիշեի մատյանը լի է իմաստուն խոհերով և բանաստեղծական շքեղ նկարագրություններով. Առանձնապես տպավորիչ է գրքի եզրափակիչ հատվածը, հայոց փափկասուն տիկնանց ներբողով. Մ. Աբեղյանի գնահատմամբ, իր երկի շատ հատվածներով նա ստեղծել է «մի այնպիսի բանաստեղծական պրոզա, որ շատ ընտիր է, լի քնարերգությամբ, և որի նմանը դեռ չի առաջ բերել մեր նոր գրականությունը»:

Դարի երկրորդ կեսում պատմագրության մեջ բարձրանում է Մովսես Խորենացու, իբրև մտածողի, կոթողային կերպարը. Նա իրագործեց իր նշանակությամբ վիթխարի մի ծրագիր. անհայտության ու մոռացության մշուշից հայտնաբերեց ու վերականգնեց հայոց ամբողջական պատմության հոյակերտ կառույցը: Արդարև իրեն է վերապահված կրելու «Հայոց պատմահայր» բարձր կոչումը: Նա հայտնի է նաև «Քերթողահայր» անունով, և դա ոչ միայն հիշեցնում է այն իրողությունը, որ նա հեղինակ է քերականական մեկնության, նվիրված Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» աշխատության հունաբան թարգմանությանը, այլև հավաստում է նրա գեղարվեստական մեծ ձիրքը, համընդհանուր ճանաչում գտած բանաստեղծ լինելը: Նրա «Հայոց պատմության» սկզբից մինչև վերջ քննախույզ պատմագետին ուղեկցում են գեղագետի բարձր ճաշակը, չափի զգացումը, գեղեցիկը տեսնելու և արժևորելու ձիրքը, հատկանիշներ, որոնք լրացնում ու ավելի են շեշտում նրա պատմողական ոճի վեհությունը. Նրա մեջ խոսում է հունական գրականության ու արվեստի ավանդներով սնված մտածողը, որի մշակութային կողմնորոշումը արևմտյան է, արևելյան ճաշակի ու երակայության բացահայտ ժխտմամբ: Խորենացու համար կատարելության ու հետևողության օրինակը Պլատոնի խոսքն է », պերճ ու պայծառ" և "ստությունից հեռու», ձգտում է նմանվել նրան. «Համառոտասիրության և արագաբանության հետամուտ մատենագիրը միշտ զգոն է, հանկարծ շատախոսության և ավելորդաբանության տրվելու վտանգի նկատմամբ, ասելիքը ձգտում է կարճ կապել, եթե դա հատկապես զրույց է կամ ավանդություն և հեռանում է բուն իրականությունից. Մի առանձին հակում ունի պատմելու հայ թագավորների շինարարական գործունեության մասին, պատմական դեմքերին առանձին դեպքում օժտում է վիպական հատկանիշներով և գեղարվեստականությամբ. Իր պատկերավորությամբ սքանչելի է Երվանդակերտ դաստակերտի նկարագրությունը, կարծես դիտված երկնային բարձունքից. Խորենացու պատմությունն ավարտվում է «Ողբով" որը մի ամբողջ դարաշրջանի քաղաքական և հասարակական և բարոյական իրավիճակի ընդհանրացված պատկերն է, առլեցուն հեղինակի ազնիվ կրքով, ողբերգականությամբ ու հայրենասիրությամբ: Այդտեղ նրա խոսքը կարծես բանաստեղծություն լինի, բառերի ներդաշնակ ու հնչուն հոսքով, երբեմն, նաև հանգիտությամբ, զորեղ համեմատություններով ու պատկերներով, մանավանդ հույզի ու մտածումի հարստությամբ, հատկանիշներ, որոնցով նրա արձակը այդտեղ և այլ հատվածներում դառնում է խոհական և բանաստեղծական.

Ոսկեդարյան պատմագրության վերջին հուշարձանը Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունն» է, ստեղծված դարի վերջերին և կամ Զ դ. սկզբներին: Նա հետևել է «չավելացնել չեղածը, չնվազեցնել եղածը» սկզբունքին: Փարպեցին նաև նամականու ժանրի առաջին խոշորագույն դեմքն է: Մինչև ինքը գրված թղթերը եկեղեցա և դավանաբանական բնույթ ունեին, զուրկ էին այն կենսական և պատմական արժեքից, որով հատկանշվում է նրա նամակը, ընդդեմ ստախոս աբեղաների.

Ե դարը մեզ ավանդել է նաև ճառագրական հարուստ ժառանգություն. նկատի ունենք Գրիգոր Լուսավորչին վերագրված «Յաճախապատում ճառք» ժողովածուն և ճառերի այն գիրքը, որ հրատարակվել է Հովհան Մանդակունի կաթողիկոսի անունով. Դրանք ճարտասանական խոսքի արժեքավոր հավաքածուներ են, որոնց մեջ քրիստոնեական հավատի ամրապնդման և հայ ժողովրդի քրիստոնեական կենցաղավարության կազմակերպման ու բարքերի մաքրման խնդիրներ են շոշափված.

Բանահյուսություն

Հին Հայաստանի հոգևոր մշակույթի հարուստ բնագավառներից է բանավոր արվեստը կամժողովրդական բանահյուսությունըԱյն ընդգրկում է ժողովրդի հավատալիքները և պատմություննարտացոլող զրույցներ ու երգերորոնք մեր նախնիները կոչել են վիպասանքառասպելներ ևթվելյաց երգերԴրանք պատմել ու երգել են ժողովրդական երգիչ գուսանները,վիպասանները`երաժշտական զանազան գործիքների նվագակցությամբՆշանավոր են եղել Գողթնգավառի (Նախիջևաներգիչներըորոնց անվամբ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաևգողթան երգերՀին բանահյուսական երկերի որոշ նմուշներ գրվել են Մովսես Խորենացու կողմից:Հայ հին բանահյուսության մեջ տարբերակվում են առասպելներն ու վիպերգերըԱռասպելներըզրույցներ են բնության ուժերը մարմնավորող չաստվածների մասինորոնց նյութըդիցաբանությունն էիսկ վիպերգերի նյութը հիմնականում ժողովրդի պատմությունն էԵթեառասպելները ստեղծվում են վաղ շրջանումապա վիպերգերըհամեմատաբարավելի ուշ:Առասպելների միջոցով բացահայտվում է հայոց դիցարանըայսինքնհայ հեթանոսականչաստվածների ընտանիքըՀայոց դիցարանի գերագույն չաստվածն Արամազդն էորը կոչվել է մեծ ևարիՀունական Զևսին համապատասխանող այս չաստվածը համարվել է ժամանակի որդին,երկնքիերկրի և մյուս չաստվածների արարիչըԱրամազդի դուստրն Անահիտն էրռազմի ևպտղաբերության չաստվածուհինորը համապատասխանում է հունական ԱրտեմիսինԱնահիտըկոչվել է ոսկեմայրսնուցող մայրոսկեմատնՆա համարվել է բոլոր առաքինությունների մայրը,ողջ մարդկության բարերարը և հայոց ազգի փառքըՊատերազմիքաջության և ամպրոպիչաստվածը Վահագն էՈրոշ առասպելներում անձնավորվում է նաև արեգակըորը պատկերվել էխարտյաշ պատանու կերպարանքովհուր մազերով և արեգակ աչքերովՆա ծնվելուն պես վազում էմարտնչելու տիեզերքը կործանել կամեցող չար հողմերիվիշապների դեմ և հաղթում նրանց:Ուստի կոչվել է վիշապաքաղ (վիշապասպանԱռասպելներից մեկի համաձայն Վահագնը գիշերըծովում լողանալուց հետո իր անվամբ կոչվող Վարագ լեռան գագաթից բարձրանում է երկինքնրանուղեկցում են տասներկու ոսկե գավազանակիրները (համաստեղությունները ): Մեկ ուրիշառասպելի համաձայն Վահագնը սաստիկ մի ձմեռասորեստանցիների չաստված Բարշամից հարդ էգողանում  նրա հետքից թափած հարդից գոյանում է « հարդագողի ճամփա» - նորը հայերը կոչել են«արեգական հին ճանապարհ»:
ՄԽորենացին գուսաններից բառացիորեն գրի է առել «Վահագնի ծնունդը» պատկերող երգըորըաշխարհի հնագույն հիմներգերից էՄեր առջև մի շատ գեղեցիկ բանաստեղծություն էՄեզ անհայտէ նրա եղանակըսակայն կարդալիս էլ այն արտակարգ հնչեղ էռիթմիկ և երաժշտականԴա որոշբառերի ու հնչյունների և ներքին հանգերի կրկնության արդյունքն էԱյսպիսի ներքին հանգերն ուհնչյունների կրկնությունըոր կոչվում է հանգգիտությունհետագայում անցան գրավորբանաստեղծությանը ու կատարելության հասան Գրիգոր Նարեկացուիսկ նոր ժամանակներումՎահան Տերյանի բանաստեղծություններում:

Սասունցի Դավիթ

    «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական հերոսավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն:
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղադասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների (Ա. Տենրեյրո, Մ. Աֆոնսո) ուղեգրական նոթերում: Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են XIX դ. հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում):
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կ. Պոլսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874թ.): Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը` Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889թ.): Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ:
1938–39թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939թ.): Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942թ.):
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս: Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմբ նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը:
«Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX–XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի` Սասնա, Մշո և Մոկաց: Սրանցից բացի, կան նաև խառը: Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ  ստեղծվել են մյուս տարբերակները:
Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն` Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր: Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով:
«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է` պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի` իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով:
«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903թ.): Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլես, 1916թ.) և Ավ. Իսահակյանը («Սասման Մհեր», 1922թ.): Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933թ.) և ուրիշներ:
Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939թ. թարգմանվել է ռուսերեն: Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ` Լևոն–Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով: