суббота, 3 октября 2015 г.

Ընկերներ ենք մենք ու Գյումրին

Հոկտեմբերի 3-ի առավոտը սկսվեց 6:30-ից: Մեկ էլ հոպ՝ կայարանում եմ: Պահո՜, Գյումրի ենք գնում, էն էլ մերոնցով, բայց խաբար չենք, որ Գյումրին մերոնքական ա:

Գնացք նստեցինք, համարյա բոլորս առաջին անգամ էինք նստում: Առավոտվա, գնացքի, անձրևայինի մեջ ինչ-որ խորհրդավոր բան կար: Գնացքը երեք ժամ գնաց, բայց ոնց որ մի ակնթարթ լիներ, էնքան ենք զավզակել: Ծիծաղալու բաներ շատ են եղել, էնքան շատ, որ չեմ հիշում բոլորը: Հա, էդ ակնթարթից հետո մեկ էլ հոպ՝ Գյումրիում ենք:
Տադադադադա՜մ:

Դուրս եկանք գնացքից, ու մի պահ ինձ թվաց, թե Հայաստանում չեմ, դժվար եմ նոր ընկեր ձեռք բերում:
Փողոցները դեռ ցեխոտ էին, արևը դուրս չէր եկել: Բայց գյումրեցիների միջի արևը, մեզ օգնելու, ճանապարհը ցույց տալու պատրաստակամությունը մաքրեցին ցեխն ու կեղտը, մեզ էլ տրամադրություն տվեցին, մեզ մեր մոտ զգացինք:


Առաջինը գնացինք Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան, թույլտվությամբ նկարեցինք ու քանի որ «Հայաստանի թանգարանները» նախագիծն ենք սկսել, ձայնագրություն էլ արեցինք տուն-թանգարանի տնօրենի հետ: Գիդերը մեզ տեղեկատվություն հաղորդեցին, հասկացանք, որ Իսահակյանը մեծագույններից ա: Մեծ գրողի 140-ամյակի առթիվ հոկտեմբերին թանգարանում կինոդիտումներ են լինում, որոնց մասնակցում  են աշակերտները՝ իրենց հետ նշումների տետր ունենալով, քանի որ վերջում քննարկելու են: Իսկ հենց Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը տուն թանգարանում լավաշ են թխում և պանրի ու թանի հետ մատուցում այցելուներին: Գիդն ասաց, որ նրա վառ հիշատակը պահում են հենց այդ ավանդույթով: Տարին մեկ անգամ Իսահակյանի տնից ծուխ է դուրս գալիս:
Հետո գնացինք Մհեր Մկրտչյանի թանգարան (Սա նրա տունը չի եղել): Տուն-թանգարանում ինձ ամենաշատը գրավեց իր իսկ կերպարանքով խամաճիկը,  ըստ իրեն՝ բոլորս Աստծո խամաճիկներն ենք: Նա շատ է խոսել այդ խամաճիկի հետ: Ինչքա՜ն բաներ կպատմեր  խամաճիկը, եթե խոսել իմանար: Ցուցադրված էին այն հասգուստները, որոնք նա հագել էր  ֆիլմերում նկարահանվելիս  (այո, մենք մոտիկից տեսանք հագուստները), էն ֆիլմերում, որոնք հիմա արվեստի գլուխգործոցներ են, որոնք չեն հնանում ու ամեն անգամ նայելիս մի բանի վրա ես կենտրոնանում ու սովորում: Ափսոս, որ այդ ֆիլմերի որակը հիմա չունենք  ... Մհեր Մկրտչյանի առաջին կինը՝ Դոնարա Մկրտչյանը շիզոֆրենիայի ախտանիշով մահացավ 2011թվականին Սևանի հոգեբուժարանում: Նրանց որդին էլ նույն հոգեբուժարանում, մոր հիվանդությունը ժառանգած լինելով, մահանում է: Նույնիսկ նրանք հոգեբուժարանում միմյանց հանդիպում են, սակայն չեն ճանաչում: Այդ տարիներին տղան նկարում է մի տղամարդու դիմանկար (դիմանկարը ցուցադրված էր), ու երբ նրան հարցնում են՝ ում է պատկերել, պատասխանում է, որ անծանոթի է նկարել, այնինչ հոր պատկերը այնքան շատ է տպավորված եղել նրա մեջ, որ կտավին է հանձնել՝ չիմանալով, թե ում է նկարում: Մհեր Մկրտչյանը, չնայած, որ դժբախտ կյանք է ունեցել, իրեն երբեք դժբախտ չէր համարում: Ամեն ինչի մեջ գտնում էր ծիծաղը, բարին ու լույսը վեր հանում: «Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»։ Մհեր Մկրտչյանի թանգարանում նույնպես չմոռացանք «Հայաստանի թանգարաններ» նախագծի մասին:



Վերջին թանգարանը, որ գնացինք, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանն էր՝ Ձիթողցոնց տունը, որ հիմա թանգարան է, որտեղ ներկայացված են Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը։  Այն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։ Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը: Այս թանգարանով հիացած լինելուց բացի սովորեցինք «խզար» բառի իմաստը. շատ ժամանակ խոսելիս ասում ենք՝ խզարել, որը նշանակում է սղոցել: Էստեղ  հարցազրույց վերցրի գիդից, նկարեցինք թանգարանը: Չմոռանամ նշել, որ թանգարանի սրահներից մեկում ցուցադրված էին կարպետագործության նմուշներ: Խենթանալիք: Գանձ էր...Վաղուց եմ հիացած այս արհեստ-արվեստով, գուցե ուսումնասիրեմ, սովորելու մեջ վատ բան չկա, եթե գիտես ճիշտը, լավը, պետքականը, գունավորը վերցնելու ձևը: Դե, ինչ գլուխ ցավացնեմ. Գյումրին ոտնատակ տվինք: Գժություններ արեցինք, վայ հավես էր է: Շուկայով էլ անցանք, հրապարակում էլ եղանք, որը նմանեցրինք հյուսիսային պողոտային: Հասցրինք նաև անձրևվել: Եկավ գնացք նստելու պահը, իրար հերթ չէինք տալիս, խոսում, կիսվում էինք տպավորություններով: Խաղեր էինք խաղում, բարձր ծիծաղում, իրար հանդեպ էնքան ուշադիր էինք: Մենք մերոնցով էինք: Գյումրիին մենակ թողնեցինք ու եկանք: Բայց նոր ընկերոջը չենք մոռանա:

Комментариев нет:

Отправить комментарий