понедельник, 12 января 2015 г.

Պապ թագավոր( անհատական աշխատանք)

Պապ թագավորի գահակալումը
Պապ թագավորը  գահ բարձրացավ շատ ծանր պայմաններում: Հայ-պարսկական երկարատև պատերազմից հետո պարտված ու ավերված Հայաստանը, որ կորցրել էր իր արքային, թագուհուն ու սպարապետին, դեռ պետք է կարողանար դիմագրավել արտաքին արհավիրքին: Դրա համար կամային, ուժեղ և օժտված առաջնորդ էր պետք: Եվ Պապ թագավորը եղավ այդպիսին, եղավ իր հոր` Արշակ Բ արքայի (350-368) արժանի ժառանգը:

Պարսիկները, Մերուժանը և Վահանը երկրի տարբեր վայրերում ավերածություններ էին կատարում,ատրուշաներ շինում և հայերին բռնի ուժով պարտադրում մազդեզական կրոնը:Երկիրը շատ ծանր իրավիճակում էր:Հայոց սպարապետ է դառնում Վասակ Մամիկոնյանի որդին՝Մուշեղը:Մուշեղ սպարապետը շրջում էր երկրում և քանդում պարսիկնեիր և հայրենիքը ուրացողների կառուցած մեզդեզական ատրուշաները:Պապ թագավորը տեր է կանգնում Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին,երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը,նորոգվում եկեղեցիները,կարգի բերում պետության գործերը:



Ձիրավի ճակատամարտ

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թվականին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Նպատ լեռան հյուսիսային լանջին գտնվող Ձիրավի դաշտում պարսիկների և հայերի միջև: Մեծաքանակ պարսիկներին դիմագրավելու էին մոտ 90 հազար հայեր և մոտ 10 հազար հռոմեացիներ: Վերջիններս թերևս չէին կռվելու, քանի որ Վաղեսից հրաման էին ստացել միայն պաշտպանվել և հարձակման չդիմել (ըստ Ամիանոս Մարկելինոսի): Հայերին առաջնորդում էր Մուշեղ Մամիկոնյանը: Վերջինս Սպանդարատ Կամսարականին և Սմբատ Բագրատունուն ուղարկել էր հյուսիսից և հարավից դաշտը շրջապատող լեռների հետև,որ հնարավորության դեպքում կարողանային անցնել պարսից զորքի թիկունք և միանալով իրար, օղակել թշնամուն: Սպարապետի կարգադրությամբ` ուժեղ զրահավորված նետավորներն ու նիզակավոր հեծելազորի մի մասը խմբվում էին կենտրոնում, որը գործելու էր իր` սպարապետի գլխավորությամբ: Նա մի հարյուրյակ երիտասարդների խումբ էր ուղարկել փղերին վնասազերծելու համար:

Մինչ պատերազմի սկսելը պարսիկները բանագնացներ են ուղարկում հայ թագավորին Մեհենդակ իշխանի գլխավորությամբ: Նրանք առաջարկում են հաշտություն կնքել պարսիկների հետ և հրաժարվեն Հռոմի հետ դաշինքից: Այս դեպքում Շապուհը Պապին կտա թագ և տարածքներ: Սակայն այդ առաջարկը մերժվում է:

Պատերազմը սկսելուց առաջ Մուշեղը քաջալերում է հայ զինվորներին.«Իմ քաջեր և եղբայրնե՛ր. ես ձեր դեմքերին նկատում եմ արդեն այնպիսի վճռականություն և ձեր աչքերում վրեժի այնպիսի զգացմունք, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպե՛ս պիտի վարվենք թշնամու հետ… թշնամի, որի սրերի ծայրին դեռ չի չորացել մեր հարազատների արյունը…»

Պատերազմը սկսվեց: Երկու կողմից էլ առաջ եկան այրուձին: Հայերը առաջինը հասան գետին և անցան այն: Սկսվեց նետաձգություն, որի ընթացքում բանակների միջև տարածությունը փոքրանում էր: Սակայն հայերը չդիմանալով ճնշմանը, սկսում են նահանջել: Սակայն այդ նահանջը կեղծ էր: Պարսից զորքը ընկել էր ծուղակը: Հայ նետաձիգները դուրս գալով թաքստոցից, սկսեցին ուժգին նետահարել պարսիկներին: Այդ ժամանակ պարսից զորքի թիկունքում փղերը սկսեցին անկանոն շարժվել, կարծես ինչ-որ բան այն չէր նրանց հետ: Փղերը հայերի վրա գնալու փոխարեն, շարժվում էին դեպի պարսկական զորքը: Նրանք վերացնում էին այն ամենը, ինչ հանիպում էր ճանապարհին: Բանն այն է, որ հայ երիտասարդները արել էին իրենց գործը: Նրանք կտրել էին փղերի ետևի ոտքերի ջղերը:

Այդ ժամանակ Կամսարականին և Բագրատունուն հաջողվեց անցնել պարսից թիկունք և դժվարությամբ օղակեց թշնամուն: Սակայն ավելի կատաղի կռիվ էր տեղի ունենում գետի մյուս կողմում: Թագավորը այլևս չդիմանալով նետվում է կռվի դաշտ: Դա մեծ խուճապ առաջացրեց Մուշեղի մոտ և նա թողնելով կռիվը անմիջապես նետվեց դեպի Պապը: Պարսիկ զինվորներից մեկը տեսնելով Պապի արտակարգ զրահավորումը հարձակվում է նրա վրա և այն է թուրը իջեցնում էր Պապի գլխին, երբ հայ զինվորներից մեկը կտրեց պարսիկի ձեռքը: Եվ ահա այդ պահին Մուշեղը հասավ նրան և դուրս բերեց կռվի դաշտից: Նա մի կերպ կարողացավ համոզել պապին դուրս գալ կռվի դաշտից, իսկ ինքը վերադարձավ կռվի դաշտ:

Պարսից զորքի թիկունքում տեսնելով Մերուժանին, Սմբատը մի ջոկատով սկսում է հետապնդել նրան: Մերուժանը հասկանալով բանը փախուստի է դիմում, սակայն կարճ ժամանակ հետո հայ զինվորները կարողանում են նրան գերեվարել: Սմբատ Բագրատունին որպես թագակապ այսպես Մերուժանին «օծում է» հայոց թագավոր շիկացած երկաթով: Այդպես էլ իրագործվում է դավաճանի մահապատիժը:

Գերի է ընկնում նաև Ուռնայրը, սակայն սպարապետը նրան ազատ է արձակում:

Պապի բարեփոխումները

Վտարելով պարսկական զորքերը Հայաստանից` Պապը անցավ երկրի վերազինմանը, վերակազմավորմանը:
Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար: Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:

Սակայն, ցավոք, հայոց արքայի ծրագրերը դատապարտված էին ձախողման: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր, բայց և անփորձ: Փոխանակ Հայաստան վերադառնալուց հետո սրի քաշելու Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Վաղեսը Պապի դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:

Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով նա իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը:

Պապի սպանությունից հետո, Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ, նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում, հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:

Ամփոփում
Պապը իշխանության գալով Հռոմի օգնությամբ ,կարողացավ անկախանալ և վարել անկախ քաղաքականություն։Նա կարողացավ հարված հասցնել Հռոմին և Պարսկաստանին։Նա անկախացրեց եկեղեցին Հռոմից և վերացրեց Պարսկաստանի բազմահազարանոց զորքերը:Վերացրեց հարկերը ,կրճատեց եկեղեցաշինությունը:Պապը փորձեց կանխել նախարարների կենտրոնախույս լինելը:Նա  իր չորս տարվա գահակալությամբ Հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներց մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий