понедельник, 29 февраля 2016 г.

Չարենցի սերերը



«Ես արդեն անցել եմ ճանապարհը

Երկրային բոլո՜ր հույզերի․․․»
                         Եղիշե Չարենց

Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է Կարսի, Թիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։

1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը: Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը մարմնին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրմադրություններ է ունեցել։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։

Չարենցն Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ ամուսնացած լինելով նաև սիրել է Արմենուհի Տիգրանյանին: Միթե՞ կինը չգիտեր այդ մասին, կարծում եմ Արփենիկը համբերատար կնոջ տեսակ է: Աղբյուրներից մեկը հաստատում է. «Արփենիկը ներել է Չարենցի մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը»։  Լեյլիի նկատմամբ զգացմունքներ տածել է կրկին Արփենիկի հետ ամուսնացած լինելու ընթացքում (Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին): Սերերի շարքում են եղել Կարինե Քոթանճյանը(Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։), Լյուսի Թառայանը ( Չարենցը և Լյուսի Թառանյանը հանդիպել են 1918 թվականին շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է․ «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։), Արաքսյա Մանուկյանը (Չարենցի ամուսնական առաջարկը Արաքսյան մերժում է, իսկ Չարենցը շարունակում է նրան ձոնել իր ստեղծագործությունները՝ «Արաքսյային», «Ու՞ր ես, Արաքս»): 1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Բանաստեղծին Իզաբելլան երկու դուստր է պարգևում՝ Աստղիկը և Արփենիկը։ 

Комментариев нет:

Отправить комментарий