суббота, 20 февраля 2016 г.

Թումանյանի կենսափիլիսոփայությունը



Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները չեմ հիշում՝ որ դասարանից եմ սկսել անգիր սովորել, կասեմ, որ ուղղակի անգիր անելը ինձ ոչինչ չտվեց: Հիմա կամաց-կամաց սկսում եմ վերցնել Թումանյանի թողածից, բայց այնքան շատ է, որ ինչքան էլ վերցնեմ, չի վերջանա:

Թումանյանի պոեմները («Անուշ», «Թմկաբերդի առումը»), կարդացինք անցյալ տարի ու ահագին քննարկեցինք, բանավիճեցինք, ի վերջո եկանք այն մտքին, որ Թումանյանը չի գրում գյուղական կյանքի, բնության մասին, այլ գրում է մարդու բազմաբնույթ եսի մասին, դուրս է հանում մարդկային ամենատարբեր տեսակները ու դրանցով ասում, որ բոլորս մարդ ենք, բայց թե՝ որ շերտում...

Նորից կարդացի «Բարձրից» բանաստեղծությունը, անցյալ տարի ուրիշ ձևով էի հասկանում, հիմա՝ ուրիշ: Իմ կարծիքով Թումանյանի այս բանաստեղծությունը ամեն ինչ ջրի երես է բերում: Դու տեսնում ես՝ ինչպիսին է իրականությունը, ու դրա համար որոնում ես կապույտ ամպեր, ուզում ես հիմա ապրել նոր հոգևոր մակարդակում, բայց էդ կապույտ ամպերը հենց քո մեջ են: «Իմ երգը» բանաստեղծությունը, հակառակ այս բանաստեղծության, ավելի լավատեսական իմաստ ունի: Երկու բանաստեղծությունները կապվում են մարմնականից դուրս՝ հոգևոր արժեքներով:

(«...Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

...Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տրվածն եմ տալիս իրեն»:

«...Կամեցավ` ելավ իմ հզոր հոգին,

Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր`

Մարդկային ամեն հնարքներից վեր,

Վե՜ր ամեն շուքից ու շամանդաղից`

Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ»):

Հայրենիքը Թումանյանի նկարագրությամբ վիշտ է, կորուստ, տառապանք ( «Հայոց լեռներում» , «Հայոց վիշտը» , «Հայրենիքիս հետ» , «Հին օրհնություն»):

Վաղուց էի ուզում ասել, մինչ որևէ գրողի ստեղծագործությունները կարդալը ճիշտ կլինի նայել կենսագրությանը, որովհետև հիմնականում կենսագրությունից տեղյակ լինելով պատկերացնում ես գրողի ասելիքը: Իսկ հետո, երբ սկսում ես կարդալ առանց թվականին նայելու հասկանում ես՝ ինչ առիթով է գրել ու հաստատվում է: Երբ գիտես կենսագրությունը, հեղինակի բոլոր գրածները դիտում ես էդ լույսի տակ։ Իսկ երբ չես իմանում, ավելի լայն ասպարեզում ես փնտրում։ Հետո, երբ իմանում ես, կոնկրետացնում ես գրելու առիթը, բայց ընդհանրացումն արդեն արած ես լինում։ Օր.՝ «Բերանն արնոտ մարդակերը...» քառյակը իմ կարծիքով մարդու տմարդության մասին է: Մեկը, ով դեռ չի հասել մարդ աստիճանին, ով չգիտի առաջը, հիման ու հետոն ինչ է, ինչ է նշանակում շտկվել, ով չտաշված քարի նման է, անպիտան, բայց երբ տաշվի, կդառնա սիրուն ու պետքական: Մեղավոր չէ, որ էդպիսին է, որ բնազդով է շարժվում: Ամենքս էլ մի շրջան էդպես ենք լինում, տաշված չենք ծնվում, մեկը շուտ է տաշվում, մյուսը՝ մի քիչ ուշ:

Խոսենք քառյակներից։ Նախ՝ ասեմ ինչ է քառյակը: Ըստ գրականագիտական բառարանի՝ քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Թումանյանի քառյակները շատ բովանդակային են: Սովորաբար փիլիսոփայական միտք են արտահայտում, ծավալուն չլինելով՝ քեզ մտածելու ծավալուն նյութ են տալիս, կարծես ճապոնական թանկաներ լինեն:

Քառյակները ամենատարբեր թեմաներով են՝ երբ մարդը կախում չունի երկրային բաներից ընդունակ է լիքը լինելու, ճախրելու ամբողջ տիեզերքով մեկ («Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին…»): Քեզ խորթ ես զգում հասարակության մեջ՝ հասկանալով, որ սահմանափակված ես, ուզում ես մտնել հոգուդ մեջ, փակվել ու էլ չբաժանվել («Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն…»։ Էդտեղ գլխավոր տողը՝ «…ինչ եմ շինում ես ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…): Մարդը բնությունը աստվածացնում է, հետո շահագործում («Իմ կնունքին երկինքը ժամ, արևը՝ ջահ սրբազան…» Սա հանճարի ինքնագնահատականն է։ Ասում է՝ ես աստծուց եմ օժտված (…Ու կնքողս նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ…»): Վատնած ժամանակը հետ բերել հնարավոր չէ, ուղղակի երբ կյանքդ անխելքության մեջ է, երբ զուրկ ես լավը տեսնել-գնահատելուց, վատնում ես այն: Հակառակ դրան՝ մարդ-հասակ ունեցողները պահը չեն կորցնում լուսավորելու համար («Հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ…», «Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին...» ):

Կար մի պահ, որ հիասթափվել էի հայ գրականության չորությունից (գուցե ես էի չոր կարդում), բայց ...Տերյան, Թումանյան կարդալուց հետո սկսեցի իրոք գնահատել (ճիշտ չէ մեկ- երկու գրողի պատճառով կարծիք կազմել ընդհանուր գրականության մասին) իհարկե տարբերակելով: Երբ որևէ բան ես սովորում, ուրախությունդ ավելանում է, դրանից էլ ոգևորվում ես ավելի շատ սովորելու ձգտումով:

Комментариев нет:

Отправить комментарий