понедельник, 8 февраля 2016 г.

Վահան Տերյան ( 1885 - 1920)



Կարծում եմ, որ Տերյանը միայն տրտմության ու թախծի մասին չի գրում: Ներկայացնեմ «Անտրտնջություն» բանաստեղծությունը ապացուցելու համար, որ Տերյանը ուրախություն էլ է գրում:


Արծաթաշող առուն առվին

Ձայն է տալիս ու երգում,

Անտրտունջ է լալկան ուռին,

Ուռին առվի եզերքում...

Շուրջըս ահա գիշեր ու երգ —

Հանգի՜ստ, հեքիա՜թ ու երա՜զ.

Կույս ամպերը՝ ճերմակ ու մերկ,

Աստղերն՝ անո՜ւշ, հեզանա՜ զ։

Սի՛րտ իմ հոգնած, մեղմ օրհներգիր

Հնազանդ ու ցնորուն,

Երկինք ու ծով, ամպ ու երկիր,

Այս մարգերն ու այս առուն։

Եղիր դու էլ պայծառ ու հեզ,—

Հեքիա՜թ, հանգի՜ստ ու երա՜գ,

Ծաղկանց ու կույս ամպերի պես,

Աստղերի պես հեզանազ....

Արծաթաշող առուն առվին

Ձայն է տալիս ու երգում,

Անտրտունջ է լալկան ուռին,

Ուռին առվի եզերքում...

Բանաստեղծության մեջ Տերյանը իր տխրությունը մխիթարում է երազով, հեքիաթով, սիմվոլիստին հատուկ ձևով: Գեղեցիկի նրբությունները տեսնելը, չեղած տեղից էլ հորինելը քեզ դարձնում է գեղեցիկ գեղեցկության մեջ: Էլ ի՞նչ տխրել:

Սիմվոլիզմը մշակութային խոշոր ուղղություն է, որն առաջացել է 1870-80-ական թվականներին Եվրոպայում, մասնավորապես` Ֆրանսիայում: Սիմվոլիստները հեղաշրջում կատարեցին արվեստի ամենատարբեր ճյուղերում` կերպարվեստ, գրականություն, երաժշտություն: Սիմվոլիստներն արտահայտվելու համար օգտագործում էին խորհրդանշաններ` սիմվոլներ, ակնարկներ, հանելուկներ` ստեղծելու համար խորհրդավոր, վատատեսական տրամադրություն:

Գրական սիմվոլիզմի նախահայրը համարվում է ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերը: Սիմվոլիզմը, որպես գեղարվեստական ուղղություն, հակասություններով լի բարդ երևույթ է։

Անբավարարություն իրական կյանքից և ձգտում դեպի կատարելագործված մի այլ աշխարհ, բնության և սիրո գովերգում, տխուր տրամադրություններ, մռայլ խոհեր մահի շուրջը. այս բոլոր մոտիվները` տարբեր անհատական ձևերով, հատուկ են համաշխարհային պոեզիայի շատ ներկայացուցիչների` սկսած բանահյուսության նմուշներից մինչև մեր օրերի քնարերգությունը։ Սիմվոլիստները կյանքը պատկերում էին երկպլան կառուցվածքով՝ գորշ իրականություն և դրանից վեր՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող էր ապրել անուրջներով, իսկ կյանքի ունայնությունն իմաստավորում էին սիրո մեջ՝ ստեղծելով աղջկա անհասանելի կերպարը: Սիմվոլիզմը չի շրջանցել նաև Հայաստանը: Հայ սիմվոլիստ-պոետներից էին Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը…

Տերյանի բանաստեղծություններում կարելի է հանդիպել «կույսի» սիմվոլին որպես հոգու սիմվոլ: Տարբեր բանաստեղծություններում այն ներկայացվում է տարբեր ձևերով, սակայն միշտ նույն իմաստն է կրում: Ինչո՞ւ հենց «կո՞ւյս»: Կարծում եմ՝ Տերյանը խոսում է հոգու մասին, այսինք հոգի, որ մարմնից անջատ է: Աշխարհից դուրս հոգի, որ աշխարհում է, բայց կապված չէ աշխարհի չարություններին :

Հիմա պիտի համեմատեմ իրար նման, բայց իրարից տարբերվող սիմվոլիստներ Շառլ Բոդլերին և Վահան Տերյանին: Առաջին հերթին ասեմ, որ Բոդլերի նկարագրությունը հասարակ ու պարզ է, չնայած՝ ֆրանսերեն լավ իմանալու դեպքում հնարավոր է, որ այդ մտքին չլինեի: Հիմա ավելի լուրջ: Բոդլերից կարդացածս առաջին բանաստեղծությունը «Չափազանց ուրախ կնոջը» 18 + էր, մի պահ զզվեցի, բայց ասեմ, որ Բոդլերը էդ ամեն ինչը համեմում է նաև գեղեցիկ մակդիրներով: Էդ շարքից կարդացի «Վամպիրի այլափոխումները», «Անկանխատեսելին», «Շատրվանը» ու նկատեցի, որ չեմ սիրում երբ սիրահարվածությունն ու դրա շարունակությունը բացատրում են, դառնում ա անհետաքրքիր ու սովորական: Ամաչելով ասեմ, որ այս բանաստեղծություններում Բոդլերը օգտագործում է հեշտանք բառը, կարծես այն դարձնելով սիմվոլ: Պարզ է, որ հեշտանքը սիրո սիմվոլ է: Իսկ Տերյանը, Տերյանս գրում է ավելի ռոմանտիկ ու հոգուն կպչող թախիծով(«Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր», «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր», «Կախարդական մի շղթա կա երկնքում», «Դու անհոգ նայեցիր իմ վրա», «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»): Բոդլերը ծանրացնում է: Մութ, երազ, երկինք, օտար բառերը Տերյանի սիմովլներից են, արտահայտում են Տերյանի ոճը: Տերյանի բանաստեղծութուններում նույնիսկ տխրության մեջ հանգստություն եմ զգում, բայց Բոդլերը ինչ-որ մթնոլորտ է փոխում, էն որ խառնվում ես, շփոթվում: Բոդլերից սիրեցի «Օտարականը», որովհետև լրիվ չի տալիս, թողնում է, որ վերջը գտնես ու վերլուծես, եթե «Լեշի» մեջ բացահայտ ասում է, միևնույն է, բոլորս էլ մեռնելու ենք, էստեղ արդեն ապրելու շունչ է տալիս չեղած տեղից: «Լեշն» էլ է լավը, լուրջ գործ է, բայց եթե կայուն չես, տրամադրությունդ մեկ էլ հոպ ընկավ: Տերյան կարդալիս ամբողջովին սիրահարված ես քեզ զգում, չէ, էդ հեչ չի, սիրահարված բայց աշնան մեջ: Տերյանի ստեղծագործություններում ավելի նրբություն կա, ինչը չեմ տեսնում Բոդլերի մոտ, Բոդլերը կոպիտ է, բայց հավես, ու չասեք, թե հայ լինելու համար եմ Տերյանին հավանում։ Դեռ երկար ու ինձ համար օգտակար նմանություններ ու տարբերություններ կգտնեմ երկու սիմվոլիստների մոտ: Եթե հնարավոր լիներ Տերյանին հանդիպել-զրուցել, երևի առաջինը կհարցնեի, չէ չէի հարցնի. ուղղակի ինձ լավ կզգայի, կլռեինք:

Շնորհավոր ծնունդդ իմ Վահան Տերյան... ու ես իրոք երջանիկ եմ, որ հայ եմ: Մեզ բոլորիս շնորհավո՜ր:

Մեծերը Տերյանի մասին

«Նա ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին»:
Պարույր Սևակ

«Նրա բանաստեղծությունը լույս է, երդիկից ներս թափանցող թրթռուն ճառագայթ»:
Սիլվա Կապուտիկյան

«Նա բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա...»
Համո Սահյան

«Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր կրակներ անմար ու թաքուն»:
Եղիշե Չարենց

«Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է»:
Հովհաննես Թումանյան

«Մենք նրա անմահությունն ենք»:
Հրանտ Մաթևոսյան

«Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը»:
Ավետիք Իսահակյան

«Իր աշնանային մթնշաղում նա պահպանեց իր բույրն ու գույնը»:
Հովհաննես Շիրազ

Комментариев нет:

Отправить комментарий