пятница, 24 июля 2015 г.

ԱԼԻՌԵԶԱ ՌՈՇԱՆ | բանաստեղծություններ

ԵԹԵ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ                             

Ես հաշմանդամ եմ -
շուրթերդ ինձնից խլել են:



***
Ես տիղմ եմ -
ինձ տեսնելու համար
ծովի հատակը պիտի հասնես:



***
Չէ, սարագնաց չեմ –
դաշտս տեսնելու համար եմ
գագաթ բարձրանում:



***
Ստվերս,
որ հեռանում էր արևի գնալուն պես,
արդ
իմ հեռացումից է գնացել:





***
Պիտի ինձ տուն տանեմ,
տանեմ երեսը լվանամ,
տանեմ հանգստանա,
մխիթարեմ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի...
Պիտի ինձ տանեմ քնեցնեմ.
ես հոգնած է:



***
Իմ վիճակը
գիտի այն մոմը,
որը վառում են
այլ բան տեսնելու համար...



***
Ստվերս երկարել է -
լույսից
հեռանում եմ:



***
Մոդայից հոգնած
ես վերջին զգեստն եմ ուզում:



***
Փողոցում
մեկը սուլելով մոտենում է
սենյակիս պատուհանին։

Սենյակի խավարում
աչքս ծխախոտիս կրակին
մտածում նրա մասին,
ով կարծում է՝ միայնակ է։

Փողոցում
մեկը սուլելով հեռանում է
սենյակիս պատուհանից։

ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ

Թե ձեռքդ լիներ,
ձեռքս
գրպանումս չէր լինի:



***
Դու, որ կորել ես
գիտես որտեղ ես:
Դու մի՛ տեղ ես կորել
ես ամենուր պիտի փնտրեմ:


***
Երանի քեզ -
քեզ մոտ ես...



***
Դու բառերիս արանքի լռությունն ես -
ամեն չասածս
դու ես...


***
Թե սիրահարված լինեիր,
ես ծառն օրինակ չէի բերի,
սարն ու ծովն էլ,
անգամ կինը...

Բայց դու սիրահարված չես,
և ես ստիպված եմ խոսել...

Թե սիրահարված լինեիր,
միասին
կլռեինք ու կսիրեինք -
ոչ կհարցնեիր,
ոչ կպատասխանեի։



***
Տեր իմ, ներիր,
հարևանի երեխու մահը պատրվակ դարձրի,
յարիցս բաժանման համար հեկեկացի:



***
Ոտքերը,
որ կարող էին յարիս մոտ տանել,
հիմա հացի հերթում
խճի հետ են խաղում:



***
Կարոտը մարդաշատ փողոց է,
որի մեջտեղում կանգնած
տեսնում ես՝ գալիս են,
տեսնում ես՝ գնում են,
իսկ դու շարունակ կանգնած ես:


***
Նա, ով նստած է
միշտ չէ, որ հոգնած է,
գուցե տեղ չունի գնալու...
Նա, ով նստած է
գուցե հոգնած է,
գուցե ամենուր փնտրել ու հոգնել է...
Նա, ով նստած է,
համոզված եմ՝
ինչ-որ մեկին կորցրել է...



***
Իմ հայրենիքում
ամեն գիրկ բացվում է միայն
հրաժեշտի համար:




***
Բաժակներից
կոտրվածի մասին ենք մտածում,
մարդկանցից`
կորցրածի,
նրա ում չենք հասել...
Միշտ էլ լավ է այն, ինչ չկա:


***
Կռուփը
խոցված
ու
դուռը դեռ փակ...



***
Թռչնից, որ թռավ
շարժվող շիվն է
մնացել
միայն:



***
Նրան, ով դեպի լույս է գնում
մյուսները
մթար են տեսնում։



***
Իրար փտեցնում են
արկղի խնձորները`
այս աշխարհի մարդիկ...



***
Միայն ջուր ես խնդրում,
բաժակը գալիս է
անխուսափելիորեն:


***
Մենք բանաստեղծում ենք -
մենք,
որ չենք կարողանում ապրել,
բանաստեղծում ենք...



***
Երանի ստացվեր մեռնել
քայլելու,
քնելու,
առևտուր անելու պես.
ուզել
ու
մեռնել...



***
Կոպերը՝ գուցե,
բայց աչքերը
չի ստացվի փակել։


թարգմ`. Էդիկ Պօղոսեան
խմբ.` Տաթև Չախչախյան
աղբյուրը ՝ http://iranliter.blogspot.com/2014/07/blog-post.html


Комментариев нет:

Отправить комментарий