пятница, 24 июля 2015 г.

ՇԱՀԱԲ ՄՈՂԱՌԱԲԻՆ | բանաստեղծություններ

***                                                                                          

Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով -
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող...


***
Տունը դեռ կա,
բայց մարդիկ մեռել են:
Կամ
(երևի պիտի այսպես գրեի)
տունը քանդվել է,
թեպետ մարդիկ դեռ կան:
Չէ,
(այսպես էլ չեղավ)
տունը դեռ կանգուն է,
մարդիկ՝ ողջ,
բայց ինչ-որ բան
բացակա է ասես
(չգիտեմ)։

***
Երբեմն ժայռերն էլ են լալիս:
Չես տեսել դու,
երբեք էլ չես տեսնի, բայց
ժայռերն էլ են երբեմն լալիս:

Պատճառը չգիտես,
երբեք էլ չեմ ասի, բայց
լալիս են ժայռերը:

Ծովերը տարուբերում են վիշտը, բայց
ժայռերը,
չգիտես,
երբ լալիս են...
Երբ լալիս են...


***
Գնալ,
գալ,
գնալ,
գալ,
գնալ,
գալ,
գնալ,
գալ,
գնալ,
գալ...

Ծովն էլ չգիտի՝
ինչ է ուզում...


***
Մեկը դուռը թակեց,
կանգնեց,
մազերը սարքեց,
դուռը բացեց...
Քամին էր:


Վերադարձավ
մազերը խռիվ։

***
Հեռու էինք, հեռու -
իրար չէինք լսում:

Մոտեցանք -
շուրթերի շարժումը տեսնում էինք,
իրար չէինք լսում:

Ավելի մոտեցանք -
իրար լսում էինք,
բառերը չէինք հասկանում:

Էլի մոտեցանք -
բառերը հասկանում էինք,
բառահամերն էին անծանոթ:

Էլ ավելի մոտեցանք -
այնքան, որ շուրթերը հյուսեցինք իրար,
բառերը խճճվեցին:

Խճճված բառերը հեռացրին,
հեռու...


***
Ես Դոն Կիխոտը չեմ,
ես կարգին ասպետ եմ:
Կիխոտից շատ եմ տարբեր,
օրինակ՝
նա ասպետների մասին
պատմություններն էր կարդացել
ու հողմաղացների հետ կռվելու գնացել,
իսկ ես
«Դոն Կիխոտ» եմ կարդացել
ու հողմաղացների հետ կռվելու եմ գնում:


Թարգմ.Էդիկ Պօղոսեան
Խմբ. Տաթև Չախչախյան


Комментариев нет:

Отправить комментарий