вторник, 20 декабря 2016 г.

Չարենց ու Տերյան. գրական վերլուծություն

 Չարենցն ու Տերյանը երկու մեծ բանաստեղծներ են, որոնք մեծ ավանդ ունեն մեր գրականության մեջ: Նրանք երկուսն էլ մինչև հիմա ապրում են, և կարծում եմ, դեռ շատ ու շատ սերունդների համար կապրեն իրենց ստեղծագործություններով:
Տերյանը շատ նուրբ է գրել, շատ մեղմ: Տերյանի ցանկացած բանաստեղծությունում նկատում եմ բնության պատկերներ՝ անտառ կամ ծաղիկ, նկատում եմ անսահման սեր և մի երազային աղջիկ, որին նկարագրելիս նա օգտագործել է ամենահուզիչ և մեղմ բառերը:

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում:
Մոտեցած երկնքից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես. –
Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ

Տերյանն իր ապրումները արտահայտում է բնության երևույթների միջոցով: Ինչպես այստեղ`
Ճաճանչները թոշնան
Կանաչներս աշնան
Իմ խոհերը մոլար`
Ցրտահար, հողմավար

Տերյանի ստեղծագործությունները կարդալիս հասկանում եմ, որ նա միշտ սիրահարված է եղել, սիրուց հիասթափված, կամ էլ հակառակը` ոգևորված:
Բայց սերը նրան միշտ ստիպել է գրել ու գրել:

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա, —
Նրա կնիքն է իմ հոգու վրա-
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն:

Ինձ դուր են գալիս նրա բառերը, որոնք կարդալով ես տեսնում եմ այդ գեղեցիկ պատկերները:
Չարենցը իր <<Տաղարան>> շարքում ոգեշնչված է եղել Սայաթ Նովայով:

Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման, վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ` Հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

Չարենցի բանաստեղծությունների մեջ կրակ եմ տեսնում, այնպիսի տպավորություն է, որ նրա սրտում միշտ հուր կրակ է եղել, միշտ պոռթկում:

* Ինքան որ հուր կա իմ սրտումբոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդումբոլորը քեզ. – …

* Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն: …

Չարենցի մոտ էլ կարելի է երբեմն-երբեմն բնության պատկերներ տեսնել, բայց Տերյանի մոտ բնությունն անհամեմատ ավելի շատ է:

Սկզբում կարդացի Տերյանի բանաստեղծությունները, հետո՝ Չարենցինը, և Տերյանի մեղմ, քնքուշ և տաք տողերից հետո Չարենցինը ինձ մի քիչ սառը թվացին:
Տերյանի մասին կարող եմ ավելի շատ խոսել, կարող եմ ավելի շատ խորհել, ինչու ոչ՝ նաև փիլիսոփայել:
Տերյանի բանաստեղծություններում տեսնում եմ աշուն, գարուն, միշտ եղանակ եմ տեսնում:
Նորից անձրև , մծուծ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշո՜ւն, քեզ ի ՞նչ քնքշությամբ,
Ի ՞նչ խոսքերով երգեմ քեզ

Չարենց ավելի քիչ եմ հասկանում և կարդացածիս մեջ նկատել եմ, որ Չարենցը գրել է ամեն ինչի մասին, մասսայական տեսարաններ է առաջ քաշել, ինչպես <<Ամբոխները Խելագարված>> պոեմում:
Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված`

Այդ դաշտում կռվում էին ամբոխները խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ`
Եկել էին նրանք նորից` հուսավառված ու կրակոտ:
Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առավոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը հետին:
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առավոտի
Ու վառվում է վերջին լույսով կրակը այն կարմիր կետի:

Երկուսն էլ ունեն և հայրենասիրական և սիրային բանաստեղծություններ: Բայց, որքանով, որ ես եմ կարդացել, նկատել եմ, որ Տերյանի ստեղծագործություններում ավելի շատ են սիրային բանաստեղծությունները, քան՝ Չարենցի մոտ:
Տերյանը Թումանյանի և Իսահակյանի ազդեցության տակ կարողացավ նոր խոսք, նոր թեմա բերել` իրական կյանք, իրական ցանկություններ:
Չարենցն էլ իր հերթին Տերյանից օրինակ է վերցրել. կարող ենք տեսնել այս տողերում`
Մենք Տերյանից սովորեցինք
Երգել երգեր անորոշ,
Մեր քնարը նվիրեցինք
Մշուշների ու սիրո, –
Եվ երբ եկան որոշ օրեր,
Որոշ գործեր եկան երբ, –
Անվարժ հնչեց քնարը մեր –
Եվ մնացինք առանց երգ…
Տերյանի լավագույն ստեղծագործությունները ամփոփվել են <<Մթնշաղի անուրջները>> շարքում:
Չարենցը իր ստեղծագործություններում ներկայացրել է իրական Հայաստանը, որովհետև Արևմտյան Հայաստանը արդեն երազ էր մնացել: Չարենցի շարքերում կարելի է տեսնել փոքր, բայց իրական Հայաստանի պատկերը:
Երկուսն էլ այնքան մեծ բանաստեղծներ են եղել, որոնք իրենց ստեղծագործությունները թողել են շատ մարդկանց սրտերում, և շատերը, առանց իմանալու ստեղծագործության հեղինակին, կարող են միանգամից տարբերակել նրանց ոճերը այլ բանաստեղծներից:
Եվ Տերյանը և Չարենցը ցավում էին կորցրած երկրի համար: Տերյանը իր ապրումները արտահայտել է այսպես`

Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում
Կյանքից հոգնած սիրտը տրտում
Այն երկիրն է միշտ երազում…
Իսկ Չարենցն էլ այսպես`
Նորից խուժեց թշնամին
Եկավ մինչև Ղարս հասավ…
Նորից քաղաքները հնամյա
Դարձրին հողին հավասար…

Տերյանը եվ Չարենցը հասկացան, որ հայրենիքի փրկությունը ժողովրդի միասնության մեջ է, և գրեցին հեղափոխական երկեր, հեղափոխական բնույթի ստեղծագործություններ:
Տերյան`

Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ,
Բորբոքիր սիրտս, ազատության երգ,
Շողա մռայլում, ըղձալի եզերք,
Որոտ, շաչիր, փոթորկավետ ամպ…
Չարենց`
Մեր ոգին, ոգին նաիրյան,
Որ գիտեր լոկ մորմոք ու լաց,
Առաջին անգամ թևաբաց
Մոռացած իր մորմոքն ունայն
Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն…

Комментариев нет:

Отправить комментарий